12:40   20-10-2020
Մոտ մոտ 6000 դեպք. Ֆիլիպինների նախագահը պատրաստ է պատասխանատվություն կրել հակաթմրանյութային արշավի ընթացքում կատարված սպանությունների համար
Թողնել մեկնաբանություն

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ «խնդիր չի տեսնում» թմրանյութերի դեմ իր նախաձեռնած լայնածավալ արշավի հետևանքով մեծ թվով սպանությունների համար պատասխանատվություն կրելու հարցում և հավելել, որ այդ արշավը սկսելիս էլ պատրաստ է եղել այնպիսի մեղադրանքների, որոնք կարող էին իրեն բանտ ուղարկել, գրում է english.alarabiya.net կայքը։ 
Աղբյուրը մանրամասնում է, որ Դուտերտեի՝ երկուշաբթի երեկոյան հեռուստատեսային ելույթը փաստում է, որ 2016 թվականին նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո նախաձեռնված արյունալի արշավի համար նրա դեմ կարող են բազմաթիվ մեղադրանքներ ներկայացվել։ Ոստիկանության փոխանցմամբ՝ խոսքը սպանության մոտ 6000 դեպքի մասին է, սակայն ըստ վերահսկող այլ մարմինների՝ իրական դեպքերը շատ ավելին են։
«Եթե սպանություն է եղել, ասում եմ՝ այստեղ եմ․ կարող եք պատասխանատվության ենթարկել թմրանյութերի դեմ պայքարում իրականացված ցանկացած գործողության, ցանկացած մահվան համար»,- հայտարարել է Դուտերտեն և հավելել, որ եթե բանտ գնալով կծառայի իր ժողովրդին, ապա նա դրան նույնպես պատաստ է։
Նշվում է, որ այժմ Միջազգային քրեական դատարանի դատախազությունը Դուտերտեի արշավի հետ կապված զանգվածային սպանության և մարդկության դեմ իրականացված հանցագործության երկու դեպք է դիտարկում․ բավականաչափ ապացույցների առկայության դեպքում նախատեսվում է ամբողջական քննություն իրականացնել։ 

Loading...