12:43   20-10-2020
Image Description
ՆԱՏՕ-ն Գերմանիայում տիեզերական կենտրոն կբացի

ՆԱՏՕ-ի 30 անդամ-երկրների պաշտպանության նախարարները պատրաստվում են հրապարակել ԳԴՀ Ռեյնլանդ-Պֆալց նահանգում գտնվող Ռամշտեյնի ավիաբազայում նոր տիեզերական կենտրոն ստեղծելու ծրագրերը, հայտնում է DW-ը՝ վկայակոչելով գերմանական ԶԼՄ-ներին:

Հաղորդվում է, որ նոր տիեզերական կենտրոնն առաջին հերթին կդիտարկի տիեզերական տարածքը եւ արբանյակների դեմ հնարավոր սպառնալիքների վերաբերյալ տվյալներ կհավաքի: Հնարավոր է նաեւ, որ ապագայում տիեզերական կենտրոնը վերածվի պաշտպանության կառավարման հրամանատարական կետի, գրում է Süddeutsche Zeitung-ը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ասել է, թե ակնկալում է, որ տիեզերական կենտրոնի կառուցման ծրագրերը կհամաձայնեցվեն մինչեւ հոկտեմբերի 21-ը: Միեւնույն ժամանակ նա հերթական անգամ նախազգուշացրել է արտաքին տարածքը ռազմականացնելու փորձերի դեմ: «Արբանյակային համակարգերն աշխարհում օգտագործվում են այնպիսի ծավալով, որ շատերի համար նույնիսկ դժվար է պատկերացնել: Առեւտուր, եղանակի կանխատեսումներ, բջջային կապ եւ բանկային փոխանցումներ՝ այս բոլոր ոլորտներում մենք ապավինում ենք արբանյակներին: Տիեզերքը նույնպես ՆԱՏՕ-ի համար կարեւոր տարածք է` հաշվի առնելով նավիգացիայի, հետախուզական տվյալների հավաքագրման, հաղորդակցությունների եւ հրթիռների արձակման մեր հնարավորությունները»,- ասել է Սթոլթենբերգը:

«Ուստի կարեւոր է, որ դաշինքը լավ պատկերացնի, թե ինչ է տեղի ունենում տիեզերքում, որ մենք հուսալի մուտք ունենանք տիեզերական ծառայություններին եւ որ դաշինքը առավելագույնս օգտագործի իր տեխնիկական հնարավորությունները»,- հավելել է նա:

Dpa գործակալությունը հայտնում է նաեւ դաշինքի տիեզերական գործունեության ուսումնասիրման հատուկ կենտրոն ստեղծելու ՆԱՏՕ-ի ծրագրերի մասին: Այս հետազոտական կենտրոնի գտնվելու վայրը, ըստ գործակալության, կարող է լինել գերմանական Կալկար քաղաքը կամ ֆրանսիական Թուլուզը:

2005-ին Կալկարում բացվել է, այսպես կոչված, «Օդային հզորության իրավասության կենտրոն»՝ ՆԱՏՕ-ի օդային, տիեզերական, ցամաքային եւ ծովային գործողությունները բարելավելու համար: Մյուս կողմից, Թուլուզում այժմ ստեղծվում է տիեզերական ուժերի հրամանատարության ֆրանսիական ազգային կենտրոն:

Գրում է՝ News.am-ը:

Loading...