14:04   22-10-2020
«С-400 համակարգերը չեն ինտեգրվի ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք, այլ կներդրվեն անկախ». Թուրքիայի ՊՆ
Թողնել մեկնաբանություն

Անկարայի կողմից Մոսկվայից ձեռք բերված С-400 զենիթահրթիռային համակարգերը կներդրվեն ՆԱՏՕ-ի համակարգից անկախ, ինչի մասին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
«С-400 համակարգերը չեն ինտեգրվի ՆԱՏՕ-ի թիմային կառավարման ենթակառուցվածք: Դրանք կներդրվեն անկախ»,-նախարարի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նրա խոսքով՝  ռուսական С-400-ների գնումը բոլորովին չի նշանակում, որ Անկարան «հեռվանում է ՆԱՏՕ-ից»: Պաշտոնյան հայտարարել է, որ Անկարան դեռևս պատրաստ է քննարկել Patriot զենիթահրթիռային համակարգերի գնման հնարավորությունը, եթե Վաշինգտոնը հարմար պայմաններ ներկայացնի:
Աքարը նշել է, որ «այս պահին միայն Ռուսաստանն է հավուր պատշաճի պատասխանել Թուրքիայի պահանջներին»:
Նրա խոսքով՝ Patriot համակարգերը կարող են գնվել համակարգերի փոխանցման և համատեղ արտադրության ժամկետները համաձայնեցնելու պայմանների դեպքում:
Աքարը մեկնաբանել է նաև երկրի հյուսիսում անցկացված կրակային զորավարժությունները՝ С-400-ի մասնակցությամբ:
«Պաշտպանական համակարգերի ձեռք բերման յուրաքանչյուր ծրագրի շրջանակում անցկացվում են փորձարկումներ և համակարգային ստուգումներ: Դա գնումների ծրագրի մի մասն է և պարզապես տեխնիկական գործողություն»,- ընդգծել է նախարարը:

Գրում է Tert.am -ը:

Loading...