14:28   22-10-2020
Պատերազմ Կովկասում. ի՞նչ է տեղի ունենում առանց ԱՄՆ-ի. The Hill
Թողնել մեկնաբանություն

Ամերիկյան The Hill պարբերականում հրապարակված հոդվածի հեղինակ Սթիվեն Բլանկը դժգոհում է, որ ԱՄՆ-ն հեռանում է Մերձավոր Արևելքից, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկայիս հակամարտությունում ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ ԵՄ-ն ընդհանրապես չկան, ինչի հետևանքով միջնորդի դերն անցել է Ռուսաստանին: 
«Այսօր Արցախի պատճառով Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի արձագանքը տարածվում է Կովկասյան լեռներից այն կողմ: Այն պարզ ցույց է տալիս՝ ինչ է տեղի ունենում, երբ Վաշինգտոնը հրաժարվում է իր դիվանագիտական հեղինակությունից և հնարավորություններից, ինչպես դա եղավ Կովկասում: ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի՝ իր դիրքից օգտվելու ցանկության բացակայությունը և անպատրաստվածությունը մոտեցրին այս պատերազմը»,-գրում է հեղինակը:
Հեղինակը նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կոչ է անում բոլորին դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ պետքարտուղար Մայք Պոմպեոն «շատ անհաջող» հայտարարել է.«Մենք հույս ունենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել այն ամենից, ինչ անում են ադրբեջանցիները», ինչից հետո քննադատել է թուրքական աջակցությունն Ադրբեջանին: Ակնհայտ է, որ դա ԱՄՆ-ի դեմ է տրամադրել երկու կողմերին, կարծում է Բլանկը:
«Թուրքիան օգնում է Ադրբեջանին, անօդաչուներ է նրան վաճառում, ենթադրաբար այնտեղ է ուղարկում գրոհայիններ, իսկ այժմ էլ մասնակցի դեր է պահանջում է խաղաղ գործընթացում: Այսինքն, նա ազդեցության միջավայր է ստեղծում Կովկասում: Դա կսրացնի լարվածությունը Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում, կամ կհանգեցնի գործարքի կնքման, որն ավելի շատ կհեռացնի Անկարային ՆԱՏՕ-ում իր դաշնակիցներից, հատկապես Սև ծովի շրջանում»,-գրում է Բլանկը:
Հեղինակի խոսքով՝ Արցախում պատերազմն անհրաժեշտությունից դրդված չէր: Շատ փորձագետներ նախազգուշացնում էին, որ սա փակուղի է և դրան՝ Արևմուտքի մասնակցությունից հրաժարվելը կողմերին դրդել է անցնել ակտիվ գործողությունների:
«Անհրաժեշտ է գիտակցել այդ փաստը, ընդ որում՝ որքան հնարավոր է արագ: Հակառակ դեպքում, հաջորդ ճգնաժամը ԱՄՆ-ի և Եվրոպայի համար ավելի թանկ կարժենա, իսկ այս և հաջորդ պատերազմների համար ստիպված կլինի վճարել տեղի բնակչությունը»,-եզրափակել է հեղինակը:

Գրում է Tert.am -ը:

Loading...