15:59   22-10-2020
«Արցախում հակամարտության սրումը նպաստում է կորոնավիրուսի տարածման տեմպերի աճին»․ ԱՀԿ
Թողնել մեկնաբանություն

Արցախում և հարակից շրջաններում հակամարտության սրումը նպաստում է տարածաշրջանում կորոնավիրուսի և դրա հարուցած հիվանդությունների տարածման կտրուկ աճին։ Այս մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեի՝ հինգշաբթի հրապարակված հայտարարության մեջ։
«Սեպտեմբերի վերջից Արցախում սկսված բռնության հետևանքով տեղահանվել են տասնյակ հազարավոր քաղաքացիական անձինք, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են և շատերը մահացել են։ Մենք խորապես ցավակցում ենք հակամարտությունից տուժած շրջանի յուրաքանչյուր ընտանիքի և յուրաքանչյուր բնակչի։ Ռազմական գործողություններն արդեն իրենց ազդեցությունն են ունենում COVID-19-ի տարածման կտրուկ աճի վրա։ Բռնության շարունակվող ցիկլերը և դրան հաջորդած տեղաշարժերը էլ ավելի կխորացնեն առողջապահության ոլորտում առանց այդ էլ վտանգավոր իրավիճակը»,- ասված է հայտարարության մեջ։
Հանս Կլյուգեն ընդգծել է, որ ռազմական գործողությունները հանգեցնում են բնակչությանը բժշկական օգնություն տրամադրելու խափանումների, լրացուցիչ ծանրաբեռնվածություն են առաջացնում արդեն ծանրաբեռնված առողջապահական համակարգերի վրա:
«ԱՀԿ-ն կոչ է անում հակամարտության բոլոր կողմերին պաշտպանել քաղաքացիական անձանց և բժշկական հաստատությունները, որոնք օգնություն են ցուցաբերում հիվանդներին և վիրավորներին՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան: COVID-19-ի համատեքստում հատկապես կարևոր է առողջապահական աշխատողներին պաշտպանել բռնությունից, որպեսզի նրանք կարողանան շարունակել պայքարը այս համաճարակի դեմ։ Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը կարևոր է առողջապահական ծառայությունների հասանելիության պահպանման համար, որը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է»,- հավելել է ԱՀԿ-ի ներկայացուցիչը:

Գրում է Tert.am -ը:



Loading...