22:17   22-10-2020
Ադրբեջանը ողջ օրվա ընթացքում շարունակել է հարձակողական գործողությունները Արցախի սահմանի երկայնքով
Թողնել մեկնաբանություն

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում ողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են հարձակողական գործողությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր ողջ օրվա ընթացքում հակառակորդը ամբողջ արցախյան սահմանի երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները տարբեր ուղղություններով: Ակտիվ են եղել, ինչպես հյուսիսային, այնպես էլ՝ կենտրոնական և հարավային ուղղությունները: Կենտրոնական ուղղությամբ՝ մարտական գործողություններ են ընթացել կոնկրետ բնակավայրերի ուղղությամբ, այդ օջախային մարտերը, որոնք իրենցից ներկայացնում են տարբեր դիվերսիոն խմբերի ներթափանցումներ կոնկրետ փոքր բնակավայրեր և ճանապարհային հանգուցային կետեր, այս պահին էլ շարունակվում են: Հարավում տարբեր օջախների հատվածներում հակառակորդի տարբեր զորախմբեր փորձել են առաջխաղացում ապահովել, ինչպես դեպի արևմուտք, այնպես էլ՝ դեպի հյուսիս և հյուսիս-արևմուտք: Բոլոր փորձերը կասեցվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել՝ հակառակորդին պատճառելով զգալի թվով կորուստներ, այդ թվում զրահատեխնիկայի զգալի թվով կորուստներ»,- ասաց Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ հիմնական մարտական գործողություններն ընթանում են Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրետանային միջոցների կիրառմամբ, հետևակի նվազագույն կիրառմամբ: Այսօր որոշ հատվածներում ակտիվորեն կիրառվել է նաև ՕՀՄ, մասնավորապես՝ դասական մարտավարական օդուժ, խոցվել է ևս մեկ թուրքական արտադրության Bayraktar տեսակի ԱԹՍ:

«Ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողություները միտված են առաջին հերթին խուճապի տարածմանը։ Վստահ եմ դա իրենց չի հաջողելու, զորքն ու բնակչությունը միասնական կհաղթեն նաև այս նոր ձևի մարտերում»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Loading...