Գրքի հանդեպ սեր տածող յուրաքանչյուր հայ մարդու տանը կարելի է տեսնել «Հայերեն բացատրական բառարան» քառահատոր ստվարածավալ բառարանները, որոնց հեղինակն է հայ ականավոր հայագետ, բանասեր ու բառարանագիր Ստ. Մալխասյանցը (1857 - 1947): Նա նաև հանդիսանում է Մ. Խորենացու «Հայոց պատմության», որը հիրավի կարելի է համարել հայոց անձնագիրը, լավագույն մեկնիչն ու աշխարհաբար թարգմանիչը:
Ախալցխայի ծխական դպրոցի, այնուհետև՝ Ախալցխայի ռուսական գավառական դպրոցի, 1874-ից՝ Վաղարշապատի Գևորգյան ճեմարանի, 1878-ից` Սանկտ Պետերբուրգի Կայսերական Համալսարանի արևելագիտության ֆակուլտետի սան, Քերովբե Պատկանյանի, Նիկողայոս Մառի, Նիկողայոս Ադոնցի, Օրբելու աշակերտ, Ախալցխայի Կարապետյան վարժարանի ուսուցիչ, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի ուսուցիչ և տեսուչ, Թիֆլիսի Հովնանյան օրիորդաց դպրոցի տեսուչ, Ախալցխայի քաղաքային գիմնազիայի տեսուչ, Ախալցխայի նշանավոր Մալխասյանցների տոհմի ներկայացուցիչ Ստ. Մալխասյանցի գիտակցական ողջ կյանքը շաղկապված է հայագիտության, բառարանագրության, ուսուցչության, հայ բանասիրության, գրաբարագիտության ու լեզվաբանության հետ:
Ստ. Մալխասհանցի ելույթը ՀՀ խորհրդարանում մեծապես օգնեց անկախ Հայաստանի (1918 – 1920) պետական դրոշի գույների ընտրության հարցում։
1920 թվականի փետրվարի 1-ին նորաբաց Երևանի Պետական Համալսարանում նրան շնորհվել է առաջին հանդիսավոր դասախոսությունը կարդալու պատվավոր իրավունքը:
Ստ. Մալխասյանցի ստեղծագործությունների գլուխգործոցն է հանդիսանում քառահատոր «Հայերէն բացատրական բառարանը», որը դարերի պատմություն ունեցող հայ հարուստ բառարանագրության մեջ նախորդը չունեցող կոթողային աշխատություն է։ Բառարանը, ըստ Մալխասյանցի, ազգի քաղաքակրթության վկայությունն է։
Բառարանը լույս տեսավ Մեծ հայրենականի տարիներին և արժանացավ Խորհրդային Միության Ստալինյան (հետագայում՝ Պետական) մրցանակի։ Բառարանի տպագրման դժվարին գործին այդ ծանր շրջանում մեծապես աջակցել է Ստ. Մալխասյանցի աշակերտ և մեր օրերում քննադատվող Անաստաս Միկոյանը, որի կողմից Մոսկվայից ուղարկված շուրջ 20 վագոն որակյալ թուղթը ծառայել է կոթողային բառարանի 4 գրքերի տպագրմանը:
Ցավոք, մինչ օրս գոյություն չունի Ստ. Մալխասյանցի հայագիտական գործերի համահավաք հրատարակություն. նրա գործերը սփռված են գիտական մի շարք հանդեսներում, մամուլում և այլ տեղերում:
Ստ. Մալխասյանցի հիշատակը հավերժացնելու կարիք կա նաև նրա Հայրենի Ախալցխայում:
Ստ. Մալխասյանցի կյանքի և գիտական ժառանգության մասին զրուցում ենք «Հայագիտակ» հրատարակչության հիմնադիր-տնօրեն Ալբերտ Իսոյանի հետ: