13:11   30-10-2020
Էրդողանի տնտեսական քաղաքականությունը նրան կտրում է իրականությունից․ Al-Monitor
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր երկրի հարստությունը բաշխում է իր սիրելի ու ազդեցիկ էլիտաների մեջ՝ ցույց տալով, որ ավելի է մեկուսանում աշխատանքային դասից, գրում է Al-Monitor-ը։
Հոդվածագիր Փինար Թրեմբլեյը նշում է, որ հոկտեմբերի 25-ին Մալաթիա նահանգ կատարած այցի ժամանակ Էրդողանը կանգ է առել մի խումբ դպրոցական ավտոբուսների վարորդների հետ զրուցելու։ Ամբոխից մեկն ասել է. «Չենք կարողանում մեր տներ մի կտոր հաց տանել», ինչին ի պատասխան Էրդողանը վերջինս խոսքերը չափազանցություն է որակել։
Լրագրողը նշում է, որ հացը Թուրքիայում գլխավոր սնունդ է համարվում և հաց տուն տանելու անկարողությունը նշանակում է, որ չեն կարողանում հոգալ իրենց ընտանիքների կարիքները։
«Էրդողանի արձագանքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքանով է նա մեկուսացել իրականությունից։ Նրա կառավարությունը գնալով ավելի շատ է թալանում ժողովրդին, որպեսզի ընդլայնի իրենց շարքերից մի քանիսի ռեսուրսները»,- գրում է հոդվածագիրը։

Հոդվածագիրը նշում է նաև, որ չնայած դաժանություններին և ձերբակալություններին, վերջերս շուրջ 3000 հանքափորներ փորձել են երթ կազմակերպել Անկարայում, որպեսզի պահանջեն վճարել իրենց աշխատավարձերը: Նշվում է, որ նրանցից որոշները 8 տարի է՝ ինչ չեն ստացել իրենց հասանելիք աշխատավարձը, իսկ մյուսները, որոնք շահել են դատարանում, նույնպես դեռ չեն ստացել իրենց գումարները։ Ցուցարարները հայտնել են, որ Թուրքիայում դատարանների վճիռներն այլևս չեն կարող կատարվել, եթե դրանք չեն համապատասխանում քաղաքական կամքին։

Թրեմբլեյը նշում է, որ Թուրքիայում դաժան վերաբերմունք են ստանում տարբեր ոլորտի շարքային աշխատողները, այդ թվում՝ բուժաշխատողները։
«Փողն ու նույնիսկ սեփականությունն ու հողը կամայականորեն վերցվում են աշխատասեր մարդկանցից, որպեսզի բաժանվեն «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմնակիցներին։ Կամայականությունը Թուրքիայում օրինական է»,- ընդծում է հոդվածագիրը։

Loading...