15:43   30-10-2020
Քարին տակ գյուղից արևելք ընկած 1-2 գյուղերից ադրբեջանական դիվերսանտները մաքրվել են. Արծրուն Հովհաննիսյան

Քարին տակ գյուղից արևելք ընկած 1-2 գյուղերից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ավելին՝ մեր հետախուզական ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել էր բավականին մեծ զինամթերքի պահեստանոց, որ փորձել էին կառուցել դիվերսանտները, և մեր հրետանու կրակից այրվել էր։ Կրակը տեսել են նույնիսկ Ստեփանակերտում»,- հայտնել է նա:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ թշնամու որդեգրած նոր մարտավարությունը՝ դիվերսիոն խմբերով հարձակումներ իրականացնելը, 2 նպատակ է հետապնդում:

«Բաց ճակատում իրենց համար դժվար է առաջ գալը, դրա համար ուղիղ առճակատման չեն ուզում գնալ և փորձում են շրջանցելով, փոքր խմբերով հասնել հաջողության, որում կա ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական նշանակություն։ Ռազմական նշանակությունը խուճապ տարածելն է, մեր փոքր խմբերին վնասելը, կապուղիները կտրելը։ Քաղաքականն այն է, որ Ալիևը ձգտում է դրոշ դնել հերթական բնակավայրում, իսկ այս դեպքում Շուշին է կամ Շուշիին հարակից բնակավայրերը, որը պարզ է, այլ հնչեղություն կստանա»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։ 

Նրա տեղեկացմամբ, վերջին օրերի հետ համեմատած, հարավային ուղղությամբ՝ Արաքս գետից հյուսիս ընկնող ճակատում, մարտական գործողությունների ինտենսիվությունը մի փոքր ավելացել է. «Բայց էլի ամբողջ ճակատի լայնքով չեն մարտերը, համեմատելի չեն պատերազմի առաջին 15-20 օրերի մարտերի հետ։ Կոնկրետ մի քանի բարձունքների ուղղությամբ են մարտերը շարունակվում»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Loading...