16:59   30-10-2020
«Իրանը պատրաստ է Արցախի հակամարտության կարգավորման գործում որպես միջնորդ հանդես գալ»․ Իրանի փոխարտգործնախարար
Թողնել մեկնաբանություն

Թեհրանը պատրաստ է միջնորդել արցախյան հակամարտության կարգավորման հարցում և հույս ունի, որ իր նախաձեռնած ծրագիրը կօգնի կայուն խաղաղության հաստատմանը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին, որը իրանական կողմի նախաձեռնությունը ներկայացրել է Բաքվում, Մոսկվայում և Երևանում։ 

«Հաշվի առնելով այս հարցի կարևորությունը, երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի Իսլամական Հանրապետության լավ հարաբերությունները, ինչպես նաև այս տարածաշրջանին հատուկ պայմանները՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես լրջագույնս հայտարարել է հրադադարի և խաղաղության հաստատմանը, երկխոսության մեկնարկին նպաստելու իր պատրաստակամության մասին»,- նշել է Արաքչին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Իրանը պատրաստ է միջնորդել արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին:

Նա ընդգծել է, որ գործընկերներին իրանական նախաձեռնության մանրամասները բացատրելիս Թեհրանը «շատ զգուշավորությամբ է մոտեցել հակամարտության իրավիճակին, հաշվի է առել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի նպատակները»։

«Առաջարկն այնպես ենք մշակել, որպեսզի այն ընդունելի լինի, որպեսզի ազդեցիկ երկրները կարողանան մասնակցել դրան․ հույս ունենք, որ այս ծրագիրը ճանապարհ կհարթի դեպի Արցախում կայուն խաղաղության հաստատում»,-նշել է Արաքչին՝  չպարզաբանելով, թե խոսքը որ երկրների մասին է։

Փոխարտգործնախարարը հավելել է նաև, որ Իրանը չի մերժում այս հարցի կարգավորման ուղղությամբ այլ երկրների ներդրած ջանքերը, սակայն, միևնույն ժամանակ, վստահ է, որ տարածաշրջանային ճգնաժամերը տարածաշրջանային լուծումներ ունեն։

Loading...