17:10   07-11-2020
Ադրբեջանցի պատգամավորն Իրանի հոգևոր առաջնորդին մեղադրել է ահաբեկիչների տարանցում ապահովելու մեջ
Թողնել մեկնաբանություն

Ադրբեջանցի պատգամավորը Իրանի հոգևոր առաջնորդին մեղադրել է ահաբեկիչների տարանցումն ապահովելու մեջ, իսկ Ռուսաստանին և Ֆրանսիային՝ կեղծ լուրեր տարածելու: Այս հայտարարությունն առաջացրել է Իրանի դժգոհությունը, որտեղ պահանջում են Ադրբեջանի դեսպանին կանչել ԱԳՆ և բողոքի նոտա հղել Բաքվին։

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին նոյեմբերի 3-ին հեռուստատեսությամբ ունեցած ելույթում, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող պատերազմին, տարածաշրջանում ահաբեկիչների ներկայության առնչությամբ իր մտահոգությունն է հայտնել։ «Չնայած հերքումներին՝ առկա են վստահելի հրապարակումներ, որոնք փաստում են ահաբեկիչների ներկայությունը։ Ահաբեկիչները չպետք է Իրանի սահմանների մոտ տեղակայվեն, եթե նրանք մոտենան Իրանի սահմաններին, ապա խիստ հակազդեցության կարժանան»,֊ ընդգծել է Իրանի հոգևոր առաջնորդը։

Ադրբեջանական ucnoqta.az կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Բահրուզ Մագեմարովը նոյեմբերի 6-ին Միլի Մեջլիսում ունեցած ելույթում, անդրադառնալով Իրանի հոգևոր առաջնորդի ելույթին, մասնավորապես նշել է․ «Ես ուզում եմ հավատալ, որ Իրանի հոգևոր առաջնորդն ահաբեկիչ ասելով հղում չի կատարում Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից տարածվող կեղծ լուրերին։ Նա ահաբեկիչ ասելով, նկատի ունի Հայաստան և Ղարաբաղ տեղափոխված «PKK»-ի, «ASALA»-ի և այլ ահաբեկչական կազմակերպությունների անդամներին, որոնց մի մասը ժամանակին Իրանի տարածքով են տեղափոխվել և հենց նրանց է համարում վտանգ տարածաշրջանի և Իրանի համար»։

Մինչ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը փորձում է շտկել իրավիճակը և վերացնել ադրբեջանական ԶԼՄ֊ների՝ պատգամավոր Բահրուզ Մագեմարովի հայտարարության վերաբերյալ հրապարակումները, Իրանում պահանջում են Ադրբեջանի դեսպանին կանչել ԱԳՆ և բողոքի նոտա հղել Բաքվին։

Վերջին օրերին Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, այցելելով հյուսիս֊արևմտյան շրջաններ, խիստ մտահոգություն են հայտնում տարածաշրջանում ահաբեկչության վտանգի վերաբերյալ։ Օրերս Թուրքիայի աջակցությամբ տարածաշրջան տեղափոխված ահաբեկիչների և նրանց կողմից հրապարակված տեսանյութերի վերաբերյալ ռեպորտաժ էր պատրաստել նաև Իրանի պետական հեռուստառադիոընկերության լրատվական կայքը։

«PKK»-ի, «ASALA»-ի մասին Ադրբեջանի պատգամավորի խոսքերը բացարձակ կեղծիք են: Ադրբեջանի զինուժի կազմում Արցախի դեմ վարձկան ծայրահեղական ահաբեկիչների ներգրավվածության վերաբերյալ փաստեր ունեն գերտերությունները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, նաև Սիրիան, իսկ հայկական կողմին վերագրվող սուտ տեղեկությունները վարձկանների վերաբերյալ նման փաստեր չլինելու հիմքով հերքվել են նույն գերտերությունների բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:

Loading...