16:56   23-12-2015
«Երկիր Զաբախա»` Վահան Խաչատրյան
Թողնել մեկնաբանություն

Ինժեներ-հիդրոտեխնիկ, վաստակավոր շինարար, ՀԽՍՀ ջրային տնտեսության մինիստրի տեղակալ (1954 – 1960 թթ.), Հայաստանի կարևորագույն հիդրոէլեկտրակայանների կառուցման մասնակից Վահան Լևոնի Խաչատրյանը ծնվել է 1907 թ. մարտի 9-ին Ախալցխա քաղաքում:
Սկզբում սովորել է ծննդավայրի ռուսական գիմնազիայում, այնուհետև Ախալցխայի հայկական դպրոցում: Գերազանցությամբ ավարտելով դպրոցը` 1926 թ. ընդունվում է Երևանի պետական համալսարանի շինարարական ֆակուլտետ: 1931 թ. ավարտելով բուհը` աշխատում է նախ Ձորահէկի, այնուհետև` Քանաքեռհէկի կառույցներում: Վահան Խաչատրյանը 1939 թ. Ճանապարհային գլխավոր վարչությունում սկսում է Հայաստանի կամուրջների պրոյեկտման աշխատանքները: 1942 թ. նշանակվում է Թալինի ՄՏ կայանի քաղբաժնի պետ, 1943 թ.` ռազմավարական նշանակության օբյեկտ հանդիսացող Սևանհէկի կուսկազմակերպության քարտուղար: 1948 թ. դառնում է Հիդրոէներգանախագծի բյուրոյի պետ, որտեղ էլ ծավալում է գիտական գործունեություն: 1951 թ. նշանակվում է Գյումուշհէկի ուժային հանգույցի շինարարության պետ: ՀԽՍՀ ջրային տնտեսության մինիստրի առաջին տեղակալի (1954 – 1960 թթ., շինարարության և շահագործման գծով) պաշտոնում եղած տարիներին ՀԽՍՀ բոլոր գյուղական շրջանները ապահովվում են ոռոգման ջրով:
Վ. Խաչատրյանը տիրապետում էր չորս լեզուների, գրում էր մանկական բանաստեղծություններ, փոքր պիեսներ: Պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով, պատվոգրերով: Մահացել է ուժերի ծաղկուն շրջանում` 1962 թ.:
Ախալցխայի նվիրյալ հայորդու` Վահան Խաչատրյանի կյանքի և գործունեության հետաքրքրական դրվագներ ներկայացնում է նրա թոռը` բժշկական գիտությունների թեկնածու, մանկական վիրաբույժ, վնասվածքաբան, դասախոս, մի շարք նորարարական հայտնագործությունների հեղինակ Վահան Մնացականյանը:       

Loading...