16:55   17-11-2020
«Ինձ համար տարօրինակ էր դա լսելը». Լավրովը «թյուրիմացություն» է որակել ԱՄՆ-ի՝ Արցախի հարցով եռակողմ հայտարարության մանրամասները հստակեցնելու կոչերը
Թողնել մեկնաբանություն

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը թյուրիմացություն է որակել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հայտարարություններն առ այն, որ իրենք բավարար տեղեկացված չեն եղել նոյեմբերի 9-ին Արցախի շուրջ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների ստորագրած հայտարարության վերաբերյալ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ինձ համար տարօրինակ էր դա լսելը։ Այս հակամարտության ամենաթեժ փուլի դադարեցմանն ուղղված Ռուսաստանի գործադրած ջանքերի սկզբից ի վեր մենք եղել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ սերտ կապի մեջ», - ասել է Լավրովը՝ մեկնաբանելով այդ հայտարարությունները։

«Անկեղծ ասած՝ կարծում եմ, որ նման հայտարարությունները կամ արտացոլում են դրանք տարածողների տեղեկացվածության պակասը, կամ պարզապես թյուրիմացության արդյունք են լինում», - հավելել է նա։

ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է նաև Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահների հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում «ամենայն մանրամասնությամբ քննարկվել է Արցախի հարցը»։

«Ես մոտ մեկ ժամ այս թեմայով խոսել եմ իմ գործընկերոջ՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ։ Մեր ամերիկացի գործընկերները նույնպես տեղեկացված էին պետքարտուղարի տեղակալի մակարդակով՝ հաշվի առնելով, որ Մայք Պոմպեոն աշխատանքային այցերով արտերկրում էր», - նշել է Լավրովը։

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...