11:22   21-11-2020
Եվրոպան մտադիր է «մաքուր» էլեկտրաէներգիա ստանալ ծովերից ու օվկիանոսներից
Թողնել մեկնաբանություն

Եվրախորհրդարանը ներկայացրել է «կանաչ» էլեկտրաէներգիայի արտադրության զարգացման ծրագիր, որով նախատեսվում  մինչև 2050 թվականը փոխարինել Եվրոպայում գազից ու ածխից արտադրվող էլեկրաէներգիայի 65%-ը, գրում է EADaily պարբերականը։

Առաջիկա երեսուն տարվա ընթացքում Եվրախորհրդարանն առաջարկում է 25 անգամ մեծացնել ծովերում ու օվկիանոսներում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները։ Խոսքը նոր արևային տեղակայանքների ու հողմաէլեկտրակայանների, ինչպես նաև արդյունաբերական կառույցների մասին է, որոնք էլեկտրականություն են ստանում մակընթացություններից և ալիքներից։

«Եվրախորհրդարանն այսօր ներկայացնում է ԵՄ-ի ռազմավարությունը ծովային վերականգնվող էներգիայի աղբյուրների ստեղծման ուղղությամբ, որպեսզի օգնի ԵՄ-ին մինչև 2050 թվականը հասնել կլիմայական չեզոքության ապահովման նպատակին։ Ռազմավարությունն առաջարկում է մեծացնել Եվրոպայում ծովային հողմաէներգետիկայի հզորությունը՝ մինչև 2030 թվականը ներկայիս 12 ԳՎտ-ից հասցնելով 60 ԳՎտ-ի, իսկ մինչև 2050 թվականը՝ 300 ԳՎտ-ի», - նշված է Եվրախորհրդարանի ներկայացրած ռազմավարությունում։

Եվրախորհրդարանի էներգետիկայի հարցերով հանձնակատար Կադրի Սիմոնսի խոսքով՝ ներկայում ԵՄ-ն անհրաժեշտ էներգիայի 58%-ը ներկրում է։ Ընդհանուր առմամբ, էլեկտրաէներգիայի ծովային ու ցամաքային «կանաչ» աղբյուրներն ապահովում են Եվրոպայի էլեկտրաէներգիայի մոտ 20%-ը, սակայն մինչև 2050 թվականը նման էներգիայի մասնաբաժինը մտադիր են հասցնել երկու երրորդի։

Եվրախորհրդարանում ենթադրում են, որ այս ծրագիրի կյանքի կոչման համար հարկավոր է 800 մլն եվրո ներդնել  էլեկտրաէներգիա արտադրող օբյեկտների ու անհրաժեշտ ենթակառուցվածքների համար։ Բացի այդ, ևս մոտ մեկ տրիլիոն եվրո հարկավոր է հատկացնել նավահանգիստների ու նավատորմի զարգացմանը։ Միևնույն ժամանակ գերատեսչությունում հույս են հայտնել, որ հիմնական ներդրումները կլինեն մասնավոր, իսկ Բրյուսելի դերը կլինի բարենպաստ պայմանների ստեղծումը։


Գրում է Tert.am -ը:


Loading...