12:44   21-11-2020
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
Թողնել մեկնաբանություն

 ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը։

Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ-ում ՌԴ դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերով տեղեկությունների օպերատիվ փոխանակման հաստատված համատեղ աշխատանքի համար:

Պաշտպանը դեսպանին է ներկայացրել սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները, նրանց դաժանություններն ու խոշտանգումները, ինչպես նաև այն համակարգված հայատյացությունը, որ Ադրբեջանում ունի պետական աջակցություն:

Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել ՌԴ-ում մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ ձևավորված ու լիարժեք փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները: Արման Թաթոյանը դեսպան Կոպիրկինին ներկայացրել է նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի ընթացքում ՌԴ իր գործընկերոջ հետ համատեղ աշխատանքի արդյունքները, երբ փակ սահմանների, թռիչքների բացակայության պայմաններում հնարավոր եղավ միավորել հայ ընտանիքներ, երեխաներին վերադարձնել ծնողներին, աջակցել առողջական բարդ խնդիրների համար բուժման մեկնելու հարցում, արձանագրել հաջողված ու բացառիկ այլ դեպքեր:

Ռուսաստանի Մարդու իրավունքների դաշնային հանձնակատարի հետ բարձր մակարդակի հարաբերությունների շնորհիվ Մոսկվայում իրականացվել է ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների համատեղ ընդունելություն՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանի ու Ռուսաստանի հայերի միության նախագահի մասնակցությամբ: Այս նախաձեռնությունն ուղղված էր ՌԴ-ում աշխատող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանն ու դրանից հետո այն դարձավ միջազգային լավագույն փորձ, որ հիմա օրինակ է բերվում միջազգային հարթակներում:

ՌԴ դեսպանը կարևորել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ արդյունավետ համագործակցությունը և ընգծել այն շարունակելու անհրաժեշտությունը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը և տեղեկությունների փոխանակումը՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը:

Գրում է Tert.am -ը:

Loading...