16:05   21-11-2020
«ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա ցանկացած հարձակում կարող է տարածաշրջանային լայնամասշտաբ պատերազմի վերաճել»․ իրանցի բարձրաստիճան գեներալ
Թողնել մեկնաբանություն

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի պաշտպանության գծով խորհրդականը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի կողմից իսլամական հանրապետության նկատմմաբ իրականացված ցանկացած հարձակում կարող է տարածաշրջանային լայնամասշտաբ պատերազմի վերաճել, գրում է tasnimnews.com կայքը։

«Չենք ողջունում ճգնաժամը։ Չենք ողջունում պատերազմը։ Պատերազմ սկսելու մտադրություն չունենք»,- նշել է բրիգադային գեներալ Հոսեին Դեհքանը, սակայն, նաև զգուշացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարման վերջին շաբաթներին հակամարտության սրացում է նկատվում։

«Սահմանափակ, տակտիկական հակամարտությունը կարող է լայնամասշտաբ պատերազմի վերաճել։ Իհարկե, Միացյալ նահանգները, տարածաշրջանը և աշխարհը չի կարող դիմանալ նման համապարփակ ճգնաժամի»,- նշել է Դեհքանը։

Նշվում է, որ նման նկատառումները որպես պատասխան արձագանք են եղել վերջերս New York Times հրատարակության կողմից հրապարակված մի հոդվածի, որում նշվում է, որ Թրամփն իր ավագ խորհրդականների հետ վերջերս քաննարկում է ունեցել մոտակա շաբաթներին Իրանի միջուկային ծրագրի դեմ քայլեր ձեռնարկելու տարբերակների շուրջ։

Հրատարակության տվյալներով՝ մի շարք խորհրդականներ, այդ թվում՝ փոխնախագահ Մայք Փենսը, պետքարտուղար Մայք Պոմպեոն, պաշտպանական ոլորտի այլ խորհրդականներ ու պաշտոնյաներ Թրամփին համոզել են հեռու մնալ ռազմական դրության սրացումից, քանի որ այն կարող է ավելի լայն հակամարտության վերածվել։

Դեհքանը հույս է հայտնել, որ Ջո Բայդենի վարչակազմի հետ հնարավոր կլինի նոր բաակցություններ սկսել։

Գրում է Tert.am -ը:


Loading...