12:36   25-11-2020
Մասիս Մայիլյանը ԿԽՄԿ պատվիրակության հետ քննարկել է անհետ կորածների ճակատագրերի բացահայտման հետ կապված հարցեր
Թողնել մեկնաբանություն

Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը նոյեմբերի 24-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությանը՝ ԿԽՄԿ առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունդի գլխավորությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի ԱԳՆ-ից:
 
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի արդյունքում զոհված հայ զինծառայողների մարմինների դուրսբերման, անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման, ռազմագերիների, ինչպես նաև պատանդների ազատ արձակման վերաբերյալ մի շարք հարցերի։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանը կարևորել է վերոնշյալ ուղղություններով աշխատանքների հնարավորինս արագ իրականացումը։
 
Հանդիպման ավարտին Պասկալ Հունդը տեղեկացրել է ԿԽՄԿ Արցախի գրասենյակի կողմից հանրապետության պետական կառույցների հետ համագործակցությամբ քաղաքացիական բնակչությանը տրամադրվող մարդասիրական աջակցության մասին՝ նրանց հրատապ կարիքները հոգալու նպատակով։

Loading...