15:48   28-11-2020
ԱՄՆ-ում իշխանության սպասվելիք փոփոխությունը հետաձգել է Իսրայելի և Էր Ռիադի միջև հարաբերությունների կարգավորումը. WSJ
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջո Բայդենի ընտրությունը հանգեցրել է Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման հետաձգման, գրում է Wall Street Journal թերթը՝  վկայակոչելով ամերիկյան պաշտոնական անձանց ու սաուդյան խորհրդականներին։
Պարբերականի աղբյուրների համաձայն՝ թագաժառանգ արքայազն Մուհամադ բին Սալմանը, որը ձգտում է կապեր հաստատել Բայդենի նոր վարչակազմի հետ, չի ցանկացել այժմ կարգավորել հարաբերություններն Իսրայելի հետ, քանի որ կարող է այս գործարքն օգտագործել ավելի ուշ ամերիկյան նոր առաջնորդի հետ հարաբերությունների ամրապնդման համար։
Ըստ պարբերականի՝ Բայդենը նույնպես կողմ է արաբական երկրների ու Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորմանը, սակայն նա շատ ավելի կոշտ դիրքորոշում ունի Սաուդյան Արաբիայի նկատմամբ՝ երկրում մարդու իրավունքների խախտման դեպքերի և, մասնավորապես, ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության պատճառով։
Խորհրդականների խոսքով՝ նոր նախագահի հովանու ներքո կնքված համաձայնագիրը կարող է ավելի ամուր հիմք ստեղծել Բայդենի վարչակազմի և Էր Ռիադի միջև հարաբերությունների հաստատման համար։
«Սաուդյան Արաբիան փորձում է հասկանալ՝ ինչպես կարող է ավելի լավ օգտագործել սա Վաշինգտոնում իր հեղինակությունը վերականգնելու և Բայդենի ու Կոնգրեսի բարյացակամությանն արժանանալու համար», - մեջբերում է թերթն ամերիկյան պաշտոնական անձի խոսքը։

Գրում է Tert.am -ը:

Loading...