11:12   30-11-2020
Ավստրալիան Չինաստանից պահանջում է Twitter-ից հեռացնել ավստրալական բանակը վարկաբեկող լուսանկարը
Թողնել մեկնաբանություն

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը Չինաստանի կառավարությունից պահանջել է ջնջել Twitter-ում հրապարակված կեղծ լուսանկարը, որում իբրև ավստրալացի զինվորը դանակը պահել է աֆղանստանցի երեխայի կոկորդին. լուսանկարի վրա գրված է՝  «մի վախեցիր, մենք խաղաղություն ենք բերում», հաղորդում է ABC-ն։

Լրատվամիջոցի տվյալներով՝ հրապարակումը հայտնվել էր ՉԺՀ ԱԳ նախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանի էջում։ Մորիսոնն ընդգծել է, որ իր երկրի իշխանությունները վարկաբեկող լուսանկարի հեռացման հարցով կապվել են Չինաստանի իշխանությունների, ինչպես նաև Twitter սոցցանցի ադմինիստրացիայի հետ։

«Ավստրալիան Չինաստանի կառավարությունից ներողություն է սպասում այդ նողկալի հրապարակման համար, ինչպես նաև պահանջում անհապաղ ջնջել այն։ Նման արարքը վերին աստիճանի վրդովվեցնող է և ոչնչով չի կարող արդարացվել։ Չինաստանի կառավարությունը պետք է ամաչի իր գործողությունների համար», - հայտարարել է վարչապետը՝ հավելելով, որ Չինաստանի ու Ավստրալիայի հարաբերություններում, անկասկած, լարվածություն կա, սակայն դրանից չի կարելի ազատվել այս կերպ։

Աղբյույրը մանրամասնում է, որ այս հրապարակումն արվել է աֆղանական պատերազմի ընթացքում ավստրալացի հատուկջոկատայինների կատարած ռազմական հանցագործությունների հետաքննության ֆոնին։

Գրում է Tert.am -ը:



Loading...