11:31   30-11-2020
Image Description
«Թուրքիայի կողմից Արցախը վարձկաններով բնակեցնելը դանդաղ գործողության ռումբ կլինի Հարավային Կովկասի համար»․ The National Interest

Սիրիայի՝ քրդերով բնակեցված շրջաններում ռազմական ներխուժումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկզբում բացատրում էր ահաբեկչության դեմ պայքարի տերմիններով, իսկ վերջերս՝ սիրիացի փախստականների հայրենադարձությունն ապահովելու համար անվտանգ գոտի ստեղծելու հռետորաբանությամբ, սակայն նրա նպատակը մեկն է՝ էթնիկ զտումներ իրականացնել Սիրիայի սահմանային շրջաններում՝ քրդերին, քրիստոնյաներին և եզդիներին դուրս մղելու և նրանց փոխարեն այդ շրջանները սուննի արաբական իսլամիստական համայնքներով վերաբնակեցնելու համար, The National Interest-ի համար հոդվածում գրում է Ամերիկյան ձեռներեցության ինստիտուտի ավագ գիտաշխատող, փորձագետ Մայքլ Ռուբինը։

Նրա խոսքով՝ միջազգային հանրության լռության պայմաններում և Սիրիայում գրանցած hաջողություններից հետո Էրդողանն ու իր դաշնակիցը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, միևնույն ռազմավարությունը կրկնում են Արցախում՝ նշելով, որ բազմաթիվ անկախ լրագրողների կողմից ճնշող վկայություններ կան առ այն, որ Արախում հայերի դեմ կռվել են Սիրիայից բերված վարձկանները։

«Չնայած Արցախը որպես Ադրբեջանի սիրտ ներկայացնելու Ալիևի հռետորաբանությանը՝ ադրբեջանցիներից քչերն են ցանկանում այնտեղ ապրել: Ադրբեջանը նավթով հարուստ երկիր է, և աշխատատեղերի ու ենթակառուցվածքների մեծ մասը գտնվում է Բաքվի շուրջ։ Նրանք, ովքեր վերադառնում են ռազմաճակատից, նշում են, որ Սիրիայից վարձկանների ընտանիքների անդամներին ուղարկում են Ադրբեջան՝ ձգտելով նրանց հետագայում բնակեցնել Արցախի հարավային շրջաններում»,- գրում է հոդվածագիրը։

Նրա խոսքսվ՝ «մինչ Էրդողանն ու Ալիևը կարող են ուրախանալ տարածաշրջանը քրիստոնյաներից ազատելու կապակցությամբ, նրանց կողմից վարձկանների տեղափոխումը դանդաղ գործողության ռումբ կլինի Հարավային Կովկասի համար։ Վարձկանները ոչ միայն լարվածություն կստեղծեն Ադրբեջանի շիական մեծամասնության ներսում, այլև եթե փորձեն կապ հաստատել Հյուսիսային Կովկասում ջիհադականների հետ, ապա կարող են ապակայունացնել տարածաշրջանը և ներխուժել ռուսական տարածաշրջան»։

«Թուրքիան շատ լավ էր ծրագրել՝ երբ պետք է սկսել պատերազմը։ Էրդողանը հասկանում էր, որ Վաշինգտոնը զբաղված էր նախագահական ընտրություններով և COVID-19-ի ճգնաժամով։ Սակայն հիմա պասիվ լինելու պատճառ չկա. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն պետք է Ադրբեջանից պահանջեն ձերբակալել բոլոր վարձկաններին»,- նշում է նա։

Ինչպես գրում է Ռուբինը, «անգործությունը ոչ միայն յուղ կլցնի տարածաշրջանային անկայունության կրակի վրա, այլև կերաշխավորի հետագա կրոնական բռնությունն ու ժողովրդագրական խաղերը, քանի որ Էրդողանն ու այժմ նաև Ալիևը հանգում են այն եզրակացությանը, որ բառացիորեն կարող են խուսափել իրենց ոճիրների համար պատասխանատվությունից»։

Գրում է Tert.am -ը:



Loading...