14:40   30-11-2020
Image Description
ԿԳՄՍ-ն նախատեսում է ներդնել նախադպրոցական ծառայության ծախսարդյունավետ և այլընտրանքային մոդել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է ներդնել նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների նախագիծ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանը նշեց, որ նախագիծը փորձում են ներդնել, քանի որ հանրապետության ոչ բոլոր բնակավայրերում է մատուցվում նախադպրոցական ծառայություն:

Դրանք ներդրվելու են բացառապես այն բնակավայրերում, որտեղ նախադպրոցական կրթության որևէ ծառայություն չի գործում:

«Հայաստանի բոլոր մարզերում կա շուրջ 270 բնակավայր, որտեղ առհասարակ չի իրականացվում նախադպրոցական որևէ ծառայություն: Կան նաև բնակավայրեր, որտեղ կան մանկապարտեզներ կամ դպրոցներին կից նախակրթարաններ, որոնք նախատեսված են 5-6 տարեկան երեխաների համար: Նման մոդել ներդնելու համար ԿԳՄՍ նախարարությանը գումարը հատկացվել է պետական բյուջեից: Գերատեսչության բյուջեում լինելու է այդ գումարը, և տարեկան դրամաշնորհ է տրամադրվելու. կարգն այդպես է լինելու: Որոշ չափորոշիչներ կլինեն՝ հաշվի են առնվելու համայնքի պատրաստակամությունը, երեխաների թիվը: Նախակրթարանների շենքերի վերանորոգման հարցերը լուծվելու են դրամաշնորհի շրջանակում, սակայն հետագայում դրանց պահպանման ծախսերը, բնականաբար, համայնքինն են լինելու»,- ասաց Կարախանյանը:

Նրա խոսքով՝ առաջարկվել է մի քանի տարբերակ, որոնք հիմնականում ծախսարդյունավետ են: Տարբերակներից մեկի դեպքում մատուցվելու են 3.5-4 ժամ տևողությամբ ծառայություններ`առանց ցերեկային քնի ապահովման:

«Խմբում երեխաների առավելագույն քանակը նախատեսվում է 30։ Այս տարբերակը նպատակահարմար կլինի կիրառել, եթե բնակավայրում առկա է գործող համայնքային հաստատություն (համայնքապետարան, մշակույթի կենտրոն)։ Առաջարկվում է նաև մեկ այլ ծառայության տեսակ՝ 4-4.5 ժամ տևողությամբ, որը կիրառելի է, եթե համայնքում երեխաների թիվը մինչև 15 է, և չկա այլ մոդելներ իրականացնելու հնարավորություն։ Նպատակահարմար կլինի կիրառել, եթե բնակավայրում առկա է համապատասխան պայմաններ ունեցող տուն։ Համայնքը կարող է համակարգել մինչև 3 տան պայմաններում մատուցվող ծառայությունը։ Այս պարագայում խնամակալ ընտանիքի մայրը պետք է ունենա առնվազն միջնակարգ կրթություն: Մենք ունենք այդպիսի փորձ: Ներկայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ նման ծրագիր է արվում Սյունիքի և Լոռու մարզերում: Բնակավայրեր ունենք, որտեղ նույնիսկ միջին մասնագիտական կրթության խնդիր կա, այդ պատճառով ցենզը տնաին պայմաններում դրել ենք, որ միջակարգ կրթությամբ կանայք լինեն, ովքեր պարտադիր կանցնեն վերապատրաստում: Երեխաների խնամքն էլ կիրականացվի հենց իրենց կողմից»,- նշեց մասնագետը:

Ներկայացնելով ծախսարդյունավետ և այլընտրանքային մոդելի մեկ այլ տարբերակ՝ Կարախանյանը նշեց, որ կարող է լինել նաև շրջիկ ծառայություն: Այդ դեպքում խումբը ձևավորվելու է մի քանի բնակավայրի մասնագետների օգնությամբ:

«Նման ծառայություն կարող է իրականացվել, եթե համայնքի երեխաների թիվը մինչև 15 է, և նախադպրոցական կրթությունը կազմակերպելու համար մասնագետների խնդիր կա։ Ենթադրվում է մասնագիտական թիմի կողմից 1 օրվա ընթացքում առնվազն 2-3 համայնքում նախադպրոցական ծառայությունների մատուցում։

Մոդելների ներդրումը տեղի կունենա մի քանի փուլով. համայնքների հայտերի ներկայացում, դրանց գնահատում, բնակավայրերի ընտրություն ու համապատասխան մոդելի հաստատում, դրամաշնորհի հատկացում և հաշվետվությունների ընդունում:

Կարախանյանն ընդգծեց, որ կարգն այս պահին շրջանառվել է, Արդարադատության նախարարությունից վերադարձվել է, կա եզրակացություն, դիտարկումներ կան, դրանք հիմնականում իրավական հարցերին են վերաբերում:

Loading...