12:53   04-12-2020
«Չինաստանը շանտաժի է ենթարկում Կոնգրեսի անդամներին, որպեսզի նրանք Պեկինի համար շահեկան օրենքներ ընդունեն». ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն
Թողնել մեկնաբանություն

Չինաստանը փորձում է շանտաժի և կաշառքի միջոցով այնպես անել, որ ամերիկացի կոնգրեսականներն ու սենատորները Պեկինին ձեռնտու օրենքներն ընդունեն։ Այս մասին CBS-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրեն Ջոն Ռետքլիֆը։

«Նրանք ուզում են, որ ԱՄՆ-ում ընդունվեն այնպիսի օրենքներ և այնպիսի քաղաքականություն վարվի, որը ձեռնտու կլինի Չինաստանին, և նրանք փորձում են շանտաժի, կաշառքի և ծածուկ ու ակնհայտ ազդեցության միջոցով այնպես անել, որ միայն Չինաստանին ձեռնտու օրենքներն ընդունվեն», - հայտարարել է Ռետքլիֆը։

«Ես այդ մասին տեղեկացրել եմ ինչպես Ներկայացուցիչների պալատի, այնպես էլ Սենատի հետախուզական կոմիտեներին։ Նրանք դա զարմանալի ու մտահոգիչ համարեցին», - հավելել է նա։

Վերջին տարիներին Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները վատթարացել են, ինչի պատճառներից մեկն առևտրային մաքսատուրքերի շուրջ վեճերն են։ Հարաբերությունների նոր սրման պատճառ են դարձել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնչեցրած մեղադրանքները Պեկինի հասցեին Ուհան քաղաքում կորոնավիրուսի բռնկմանը Չինաստանի ուշ արձագանքի և կանխարգելման բավարար միջոցներ չձեռնարկելու համար։

Բացի այդ, Թրամփի օրոք ԱՄՆ իշխանությունները վերջին տասը տարվա մեջ առաջին անգամ մշակել են  Ազգային պաշտպանության նոր ռազմավարություն, որը հրապարակվել է 2018 թվականի հունվարի 19-ին։ Ինչպես նշել էր այն ժամանակ երկրի ՊՆ ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ջեյմս Մեթիսը, նոր ռազմավարությունը «կենտրոնանալու է Ռուսաստանի ու Չինաստանի հետ երկարատև ռազմավարական մրցակցության վրա»։

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...