18:31   04-12-2020
Ստեփանակերտում կշահագործվեն շուրջ 300 բնակարաններ. Արախի ղեկավարն աշխատանքային շրջայց է կատարել
Թողնել մեկնաբանություն

Արցախի ղեկավար Արայիկ Հարությունյանը  դեկտեմբերի 4-ին աշխատանքային այցով եղել է մայրաքաղաքի մի շարք շինհարթակներում և օբյեկտների շահագործման ժամկետների վերաբերյալ տվել նոր հանձնարարականներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի ղեկավարի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի ղեկավարը նշել է, որ հետպատերազմական շրջանում Արցախի սոցիալական թիվ մեկ խնդիրը բնակարանայինն է, և առաջիկա տարիներին կառավարությունը գործադրելու է իր հիմնական ջանքերը բոլոր անօթևան մնացած քաղաքացիներին բնակարաններով ապահովելու համար: «Հարությունյանի հանձնարարականի համաձայն՝ Ստեփանակերտի տարբեր հատվածներում կառուցվող բազմահարկ շենքերը՝ շուրջ 300 բնակարաններով, աշխատուժի ավելացման հաշվին շահագործման կհանձնվեն մինչև հաջորդ տարվա առաջին կես:  Ծրագրում կընդգրկվեն նաև վարչական նշանակության որոշ շենք-շինություններ, որոնք վերակառուցման արդյունքում կվերածվեն բնակելի շենքերի:

Աշխատանքային շրջայցի ընթացքում ղեկավարը եղել է նաև «Արցախկաթ» փակ բաժնետիրական ընկերությունում, ծանոթացել ամբողջ ծավալով աշխատող արտադրամասի պայմաններին, շնորհակալություն հայտնել կոլեկտիվին պատերազմական ծանր ժամանակահատվածում ևս արտադրական պրոցեսը չկանգնեցնելու և բնակչությանը թարմ կաթնամթերքով ապահովելու համար:

Արայիկ Հարությունյանին այցի ընթացքում ուղեկցում էին «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ Արսեն Միքայելյանը և ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Loading...