«…Գոյություն ունի Ջավախք, որը պետք է պահպանել: Որովհետև Ջավախքի եզակիությունը, ջավախքցու տեսակը դեռ շատ արժեքներ պիտի տա…»:
Մի հին լուսանկար է պահպանվել, որում անմահացել են Ախալցխա քաղաքի կառուցողները` ինն անվանի հայեր` Բագրատունյանց, Մութաֆյանց, Վարդանյանց, Պոզոյանց, Ղազազյանց, Հակոբջանյանց, Քրիստոստուրյանց, Չիֆլիկյանց, Մոմջյանց: Այս հեղինակավոր գերդաստաններից` Չիֆլիկանցների (չիֆլիկ` ագարակ բառից) հարկի տակ` Ենոքի ընտանիքում, 1913 թ. ծնված մանուկը շուտով (3 տարեկան հասակում) վարակվելու էր ծաղիկ հիվանդությամբ, մորը պոկելու էին մահամերձ որդու մահճից, որ երեխան հանգիստ մարի: Սակայն երեխային վիճակված էր ապրել: Ապրել, որպեսզի 8 տարի անց Ախալցխայի գերեզմանաքարերի վրա նկարելիս նրան հայտնաբերի հանրահայտ Վահրամ Գայֆեճյանը, ստիպի ծնողներին մանուկ Աշոյին տալ դպրոց: Փոքրիկ Աշոն ապրեց, որպեսզի Ախալցխայի Կարապետյան դպրոցն ունենար իր` համաքաղաքային համբավ ունեցող շնորհալի նկարչին, Երևանի նկարչական ուսումնարանի տաղանդավոր սանին:
1936 թ. Աշոն` Արշալույս Չիֆլիկյանը, վերադառնում է հայրենի Ախալցխա և շուրջ երկու տասնամյակ դառնում Ախալցխայի հայկական մանկավարժական տեխնիկումի, պետթատրոնի, գրական ու մշակութային բազմաթիվ խմբակների անխոնջ մշակը: Այսօր առանց վարանելու կարող ենք ասել, որ 1930-40-50-ականների Ախալցխայի գրական, թատերական ու մշակութային կյանքն անքակտելի կապեր ունի Արշալույս Չիֆլիկյանի նույն ժամանակահատվածի մշակութային շառաչուն գործունեության հետ:
1953 թ. Ա. Չիֆլիկյանը, որպես փնտրված բեմանկարիչ, հրավիրվում է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն: 1956 թ, Ա. Չիֆլիկյանին բախտ է վիճակվում դառնալ հայկական հեռուստատեսության և հեռուստաթատրոնի հիմնադիրներից մեկը, որտեղ էլ անցնում են նվիրյալ մտավորականի կյանքի և մշակութային գործունեության հետագա տասնամյակները:
Արշալույս Չիֆլիկյանի թողած հոգևոր մեծածավալ ժառանգությունը` բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, զրույցների, ավանդապատումների ու առակների չափածո մշակումներ, հուշագրություններ, հեքիաթների, զրույցների ու առակների մշակումներ, բանասիրական հետազոտություններ, պիեսներ, թատերգություններ, թարգմանություններ, գեղանկար, գրաֆիկա, հեռուստահաղորդումների ձևավորումներ (բեմական էսքիզներ) և այլն, հայրենի Ախալցխայի, Խորհրդային Հայաստանի թատրոնի ու Հայաստանի հանրային հեռուստատեսության պատմության կարևոր էջն է:
Ճանաչված բեմանկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Արշալույս Չիֆլիկյանի կյանքի ու մշակութային գործունեության մասին զրուցում ենք գեղանկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ Վիկտոր Հովհաննսիյանի հետ: