11:45   11-03-2016
Հայրենապաշտ մտավորականը՝ Երվանդ Սիմոնյան.«Երկիր Զաբախա»՝
Թողնել մեկնաբանություն

 -  Դու Երվանդին մա՞նչն ես: Բալա ջան դու սուրբ մարդու տղա ես…
Մինչև վերջեր այսպես էին դիմում Հակոբ Սիմոնյանին բոլոր այն մարդիկ ու հատկապես ախալցխացիները, ովքեր կենդանի տեսել ու շփվել են ախալցխացի անվանի մտավորական, ուսուցիչ, “Ախալցխան կրակե օղակում” հայտնի աշխատանքի ու մի շարք այլ հուշագրությունների հեղինակ Երվանդ Սիմոնյանին: Երվանդ Սիմոնյան անունն այնպիսի մոգական ազդեցություն է գործել տեղի մարդկանց վրա, որ անգամ տասնամյակներ անց անհնար է եղել առանց հուզմունքի տալ նրա անունը, իսկ Ե. Սիմոնյանի նվիրական գործերը ախալցխացիները հիշում են խոնարհումով ու երախտիքի ջերմ արտահայտություններով:  
Ախալցխայից քիչ հեռու գտնվող Սազել գյուղում ծնվելուց, քաղաքի դպրոցը, այնուհետև՝ Սբ. Էջմիածնի Գևորգյան ճեմարանն ավարտելուց հետո Ե. Սիմոնյանը վերադառնում է հայրենի քաղաք և դառնում հայրենի երկրամասի կրթադաստիարակչական գործի անխոնջ մշակը: Նրա շնորհիվ Ախալցխայի ու նույնանուն գավառի բազմաթիվ գյուղերի մի քանի սերունդ դառնում են մայրենի լեզվի, պատմության ու հասարակագիտության բնագավառի խորագիտակներ, իսկ շատ աշակերտներ այսօր զարդարում են մի շարք գիտական հաստատություններ ու մտքի տարբեր կաճառներ:  
Դեռ պատանի տարիքում Ե. Սիմոնյանն ականատեսն ու մասնակիցն է եղել Ախալցխայի հերոսամարտին (1917-21 թթ.), որի յուրաքանչյուր օրվա իրադարձությունները, դեպքերն ու դեմքերը հետագայում զարմանալի ճշգրտությամբ վերարտադրել է իր ծավալուն հուշագրության մեջ («Ախալցխան կրակե օղակում», Երևան, 2000):
-   Ո՞վ է տեսնես էս ուշ ժամին:
-  Ես եմ, վարժապետ, հուսով եմ՝ մեզ ոչ մեկը չի լսում. իմ շատ պաշտելի, հարգելի  Սիմոնյան, հրահանգի համաձայն առավոտյան Ձեզ ստիպված եմ ձերբակալել, եթե կարող եք՝ այս գիշեր հեռացեք, փախեք քաղաքից, - Ե. Սիմոնյանի նախկին սանը, որն այժմ Ախալցխայի պետանվտանգության  ( КГБ ) աշխատակիցներից էր, հուզմունքից դողում էր…
Այդպիսով՝ ստալինյան դժնակ 1949 թվականը չշրջանցեց նաև նվիրյալ ուսուցչին՝ այդ ճակատագրական գիշերը ստիպելով նրան թողնել իր պաշտելի Ախալցխան, վերցնել իր մանկահասակ երեխաներին, առաջին անհրաժեշտ իրերն ու փախչել Խորհրդային Հայաստան՝ Կիրովական քաղաքը: Կյանքի մնացած հատվածն ապրելով և գործելով Խորհրդային Հայաստանում՝ Ե. Սիմոնյանը կրկին Ախալցխա վերադարձի փորձեր, անշուշտ, արել է, սակայն վրացական ղեկավարությունն այդպես էլ չի ողջունել մշակութային գործչի վերադարձը հայրենի քաղաք:  
Երվանդ Սիմոնյանի աշխատանքները պարունակում են Ախալցխայի գավառի բանահյուսությանը, ժողովրդական ծեսերին ու սովորույթներին, նիստ ու կացին և ազգագրությանն առնչվող մի շարք գիտական նյութեր, իսկ նրա անունն այլևս շաղկապված է Ախալցխայի հերոսամարտի հետ:  
Նվիրյալ մանկավարժի ու մտավորականի կյանքն ու գործունեությունը ներկայացնում է նրա որդին՝ ՀՀ Մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, պ.գ.թ., հնագետ, մշակույթի վաստակավոր գործիչ Հակոբ Սիմոնյանը: 

Loading...