Բազմաթիվ հուշեր, որոնք կապված են հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր Արամ Ինճիկյանի (1910, Ախալցխա - 1975, Երևան) հետ, կարիք կա փրկելու մոռացությունից:
Երբ Արամ Ինճիկյանը Մեծ հայրենականի տարիներին հայտնվում է գերության մեջ, և շատերը հույս չունեին որ նա կվերադառնա, մեծն Իսահակյանը գնում է եկեղեցի, մոմ է վառում և աղոթում է իր հոգևոր զավակի՝ Ա. Ինճիկյանի վերադարձի համար: Ա. Ինճիկյանի՝ գերությունից փրկվելուց և հայրենիք վերադառնալուց հետո Դ. Դեմիրճյանը և Ավ. Իսկահակյանը խնդրանքով մոտենում են ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանին և միջնորդում, որպեսզի Ա. Ինճիկյանն ստանա բնակարան: Անտոն Քոչինյանը, ով Լոռիում ժամանակին եղել է Ա. Ինճիկյանի աշակերտը և իր մաքուր հայերենի համար մշտապես երախտապարտ է եղել իր ուսուցչին, ուրախանում է, որ իր սիրելի ուսուցիչը ողջ և առողջ վերադարձել է պատրեազմից և անմիջապես կարգավորում վերջինիս բնակարանի հարցը: Նաև այն մասին, թե ինչպես է Արամ Ինճիկյանի կինը՝ Ախալցխայի նշանավոր Նալբանդյանների տոհմի դուստր Մանիկը, հետպատերազմյան ծանր շրջանում մի օր Մարտիրոս Սարյանի հետ հյուր եկած Ավ. Իսահակյանին սովորեցնում ուտել Վարպետի չսիրած կարմիր լոբին:
Հայտնի գրականագետի բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնց շարքում նաև Թումանյանի կյանքի և ստեղծագործության պատմության երկրորդ մասը (առաջին մասը՝ 1869-1899 թթ. ընդգրկող հատվածը հրատարակվել է 1969 թ.), իսահակյանագիտական և այլ արժեքավոր գործեր դեռևս անտիպ են: Այս ամենի մասին զրուցում ենք Ա. Ինճիկյանի աղջկա ամուսնու՝ «Հայագիտակ» հրատարակչության տնօրեն Ալբերտ Իսոյանի հետ: