13:20   13-01-2021
Արթուր Դավթյանը հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ. ստորագրել են 2021-2022թթ. համագործակցության ծրագիրը
Թողնել մեկնաբանություն

Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին:

ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազները երկուստեք գոհունակություն են հայտնել  իրենց ղեկավարած կառույցների միջեւ առկա համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ եւ պատրաստակամություն հայտնել դրանք առավել խորացնել՝ երկու պետությունների միջեւ ռազմավարական դաշնակցության, բարեկամության ոգուն համապատասխան: 

Նշվել է, որ գործող իրավապայմանագրային բազան ստեղծում է անհրաժեշտ պայմաններ՝ միմյանց երկրներում իրենց քաղաքացիների իրավունքների պաշտպանության, միջազգային հանցավորության դեմ համատեղ պայքարի արդյունավետությունն բարձրացնելու համար:  

Գլխավոր դատախազները քննարկել են իրավական փոխօգնության, էքստրադիցիայի ոլորտներում գործակցության, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Արթուր Դավթյանը քննարկման ընթացքում նշել է Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից հարուցված անհիմն քրեական հետապնդումների հիման վրա ՀՀ նախկին եւ ներկա պաշտոնատար անձանց նկատմամբ ԱՊՀ տարածքում ապօրինի հետախուզումների հնարավորության բացառման մասին:    

Անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ առաքելության շրջանակներում Արցախում ծառայողական պարտականություններ կատարող ՌԴ դատախազության աշխատակիցների գործունեությանը, ՀՀ եւ ԱՀ դատախազությունների, իրավապահ մարմինների հետ նրանց գործակցության կառուցակարգերին:

ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ թեեւ Արցախի պաշտպանության բանակը շարունակում է արցախահայության անվտանգության ապահովման իր գործառույթները, սակայն ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը էապես մեծացրել է անվտանգության երաշխիքները, հիմքեր ստեղծել շփման գծում կայունության ամրապնդման համար:

 Հանդիպման արդյունքներով Արթուր Դավթյանը եւ Իգոր Կրասնովը ստորագրել են ՀՀ եւ ՌԴ դատախազությունների միջեւ 2021-2022թթ. համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում են փորձի փոխանակմանն ուղղված համատեղ աշխատանքներ դատախազական հսկողության  մի շարք ոլորտներում:

Իգոր Կրասնովի կողմից օրինականության ամրապնդման եւ միջազգային համագործակցության ոլորտում նշանակալի ավանդ ներդնելու համար ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարգեւատրվել է ՌԴ գլխավոր դատախազի պատվոգրով:    


Loading...