18:01   13-01-2021
Միքայել Մելքումյանը շրջանառությունից հանեց առաջին ընթերցմամբ ընդունված իր նախագիծը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում շրջանառությունից հանեց իր ներկայացրած նախագիծը, որն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել էր լիագումար նիստում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով Մելքումյանն առաջարկում էր ընդլայնել միկրոձեռնարկատիրության դաշտում գործող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց շրջանակը, որոնք զբաղվում են որոշակի գործունեությամբ: «Հատկապես առաջարկում ենք ներառել այն գործունեության տեսակները, որոնք ներտնային աշխատանքին են առնչվում, օրինակ` մաքրողները, դայակները»,-ասաց պատգամավորը:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հիշեցրեց, որ ի սկզբանե կառավարությունը հավանություն չի տվել նախագծին, սակայն կառավարությունն առաջարկել է Մելքումյանի նախագծի քննարկման առիթն օգտագործել և 5000 դրամների կանոնը վերանայել և պասիվ եկամուտները դուրս բերել միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգից: «Ի սկզբանե համակարգի ներդրման փիլիսոփայությունը չէր նախատեսում պասիվ եկամուտների հարկումից ազատում և նախատեսում էր պարզունակ գործունեության տեսակներով  զբաղվող և իրացման շրջանառության փոքր ծավալներ ունեցողների հարկումից ազատում»,-ասաց նա:

Սակայն Մելքումյանը դեմ արտահայտվեց առաջարկին, քանի որ կարծում է, որ իր ներկայացրած նախագծի հետ կապ չունի այդ առաջարկը: Նա առաջարկեց նոր նախագծով ներկայացնել այդ առաջարկները:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ պատգամավորները առաջին ընթերցմամբ քննարկմանը լիակատար կոնսենսուս չեն ունեցել նախագծի վերաբերյալ: Նրա խոսքով՝ պատգամավորներն իմացել են, որ կառավարության իրենց գործընկերների հետ ընդհանուր հայտարարի են եկել, որ այդ պահին նախագիծն ընդունեն այս տեսքով, երկրորդ ընթերցմամբ քննարկմանը փոփոխություններ անեն: «Հիմա ստացվում է, որ պայմանավորվածությունը խախտվում է»,-ասաց նա:

Մելքումյանը ներկայացրեց իր հիմնավորումները: Պատգամավորը նաև շեշտեց, որ ճգնաժամային իրավիճակում ընդհանրապես դեմ է որևէ հարկային ռեժիմի ծանրացման: «Իսկ եթե դուք չունեք կոնսենսուս, մի ունեցեք: Ես հենց հիմա կհանեմ այս օրենքի նախագիծը: Համարեք, որ ես պաշտոնապես հանում եմ այս նախագիծը»,-ասաց նա:

Loading...