Ռուսաստան վերադառնալուն պես Նավալնին ձերբակալվել է
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին Գերմանիայից վերադառնալուն պես ոստիկանության աշխատակիցները տարել են օդանավակայանի անձնագրային հսկիչ կետից:
Նրանք հրաժարվել են հայտնել Նավալնիին՝ նա ձերբակալվա՞ծ է, թե՝ ոչ եւ չեն թողել նրա մոտ փաստաբանին, որը մեկնել էր Գերմանիայից նրա հետ միասիին նույն չվերթով:
Քիչ ուշ պատիժների իրականացման դաշնային ծառայությունից հաստատել են, որ նավալնին ձերբակալված է:
Նույն ծառայության կողմից Նավալնիի նկատմամբ Ռուսաստանի տարածքով մեկ հետախուզում էր հայտարարվել:
Գերատեսչությունում կարծում են, որ ընդդիմադիրը խախտել է «Իվ Ռոշեր»-ի գործով պայմանական պատժի կանոնները՝ չգրանցվելով ռուսական տեսչությունում գերմանական կլինիկայից դուրս գրվելուց հետո: Պատիժների իրականացման ծառայությունը հայտնել է, որ պահանջ է ներկայացրել վերացնել Նավալնիի նկատմամբ պայմանական ազատազրկման որոշումը՝ այն փոխարինելով 3,5 տարվա դատապարտման՝ քրեակատարողական հիմնարկում: Այս նպատակով արդեն իսկ դատական նիստի օր է որոշվել, այն կկայանա հունվարի 29-ին: Փաստաբանները հնարավոր են համարում, որ սկզբում Նավալնիին կձերբակալեն 48 ժամով, այնուհետ այն կերակարաձգեն 30 օրով, այսպիսով՝ վերջինս կալանքի տակ կմնա մինչ դատական նիստը:
Բացի այդ, դեկտեմբերի վերջին Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտարարել է, որ խարդախության մեղադրանքով գործ է հարուցել Նավալնիի դեմ: Հետաքննության համաձայն ՝ քաղաքական գործիչն անձնական կարիքների համար է ծախսել այն գումարները, որոնք դոնորներն ուղարկում էին իր հետ կապված ֆոնդերին:
Նավալնին հերքում է այս մեղադրանքը: Այս գործով քննչական մարմինը Նավալնիի նկատմամբ խափանման միջոց դեռ չի խնդրել:
Նավալնիի Ռուսաստան վերադառնալը մեծ հետաքրքրություն էր առաջացրել նրա գործընկերների, հակառակորդների եւ լրագրողների մեծ խմբի համար: Տասնյակ թղթակիցներ տոմս են գնել նրա հետ նույն ինքնաթիռով մեկնելու եւ տեղում իրադարձություններին տեղյակ լինելու համար, իսկ ընդդիմության ու Նավալնիի կողմնակիցները հավաքվել են «Վնուկովո» օդանավակայանում, որտեղ ի սկզբանե պետք է ժամաներ չվերթը: Ուշագրավ է, որ այսօր օդանավակայան թույլատրվում էր մուտք գործել միայն ինքնաթիռի տոմս ունեցող անձանց, ինչը դժվարացնում էր նրան դիմավորողների մուտքը շենք:
Ինքնաթիռը, որով թռչում էր Նավալնին, առանաց նախնական հայտարարության ամբողջությամբ վերափոխել է վայրէջքի ուղղությունը, արդյունքում՝ վայրէջք կատարելով «Շերեմետեւո»-ում: Պաշտոնապես հայտնել են, որ պատճառը «Վնուկովո» օդանավակայանի ժամանակավոր փակ լինելն է եղել՝ վայրէջքի գոտու հետ կապված խնդիրների պատճառով: