09:38   19-01-2021
Ներմուծումների, պահեստավորման խնդիրներ չկան. փոխնախարարը սովի քննարկումները համարում է անհիմն
Թողնել մեկնաբանություն

Հայաստանը մի շարք մշակաբույսերի առումով ինքնաբավ է, ցածր ինքնաբավությամբ մշակաբույսերի բացն ամբողջությամբ լրացվում է ներմուծումներով, հացահատիկի մատակարարումը չի դադարել անգամ համավարակի, պատերազմի ամենադժվար պայմաններում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը վստահեցրեց, որ պահեստավորումների և քանակի սակավության վերաբերյալ արձանագրված խնդիր ևս չկա:

Փոխնախարարը շեշտեց՝ պարենային ապահովության մասին խոսելիս պետք է նկատի ունենալ, որ Հայաստանը մի քանի մշակաբույսերի ուղղությամբ ինքնաբավ է: «Դրանք են միրգը, բանջարարեղենը, ձուն, ոչխարի և այծի միսը, որոշ առումով նաև տավարի միսը: Ցածր ինքնաբավության մակարդակ ունի թռչնամիսը, ցորենը, որոշակի առումով՝ հատիկաընդեղենը»,-ասաց Խոջոյանն ու հավելեց՝ չկա մի երկիր, որ 100 տոկոսով բոլոր ապրանքների արտադրմամբ լինի ինքնաբավ, և Հայաստանն էլ բացառություն չէ:

Նա նշեց, որ իրավիճակային գնահատումներ են իրականացվել, ուսումնասիրվել և տնտեսական գնահատական է տրվել, որ եթե նույնիսկ մի ներմուծման ճանապարհը փակվի, այլ ինչ տարբերակներ կան, որ ներմուծումն իրականացվի, և դա ինչ գին կունենա: 

Հայաստանը պտուղ-բանջարեղենի առումով ինքնաբավ է, ավելի արտադրածն արտահանում է՝ որոշակի առումով բավարարելով ԵԱՏՄ անդամ երկրներում եղած դեֆիցիտը:

Անդրադառնալով Հայաստանում հնարավոր սովի վերաբերյալ հնչած տեսակետներին՝  Խոջոյանը նկատեց. «Սովի թեման դեռ շահարկվում էր 2020-ի մարտին, ասվում էր, թե իբր հոկտեմբեր-նոյեմբերին է սով սպասվում, որովհետև համավարակը շատ դժվարություններ է ստեղծել շատ երկրների համար, և երկրները պատրաստ չէին արձագանքելու: Եվ մենք իրավիճակային գնահատումներ իրականացրեցինք, դեռ 2020-ի մայիսին մեր և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների կողմից արձանագրվեց, որ ամբողջ ԵԱՏՄ երկրների պահանջարկը բավարարելուց բացի, 46 մլն տոննա հացահատիկի ավելցուկ կա, որը պետք է վաճառվեր երրորդ երկրներին»:

Ընդ որում ԵԱՏՄ-ում նախ ապահովվում է անդամ երկրների պահանջարկը, հետո միայն՝ արտահանվում երրորդ երկրներ: 

Այսպիսով, Խոջոյանը նշեց, օրինակ, հացահատիկի մասով ռիսկ կա, քանի որ Հայաստանը հացահատիկի արտադրության առումով ինքնաբավ չէ, սակայն հասանելիության առումով ռիսկը բավականին ցածր է, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ցորենը հիմնականում ներկրում է Ռուսաստանից, նաև Ուկրաինայից:

Loading...