18:50   19-01-2021
Պատգամավորը վստահեցրեց, որ բնակչության խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքները նոր շունչ կստանան
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը մատնանշեց մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք, ըստ իրեն, միտված են հետպատերազմյան շրջանում բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Պապոյանն այս մասին ասաց ԱԺ հայտարարությունների ժամին:

«Պատերազմը  թողել է խորը սոցիալ-տնտեսական վերքեր, որոնք պետք է օր առաջ վերացնել: Եվ գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ կառավարությունն ու ԱԺ-ն այժմ բավականին ակտիվ աշխատում են՝ բնակչության առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման ուղղությամբ: Վստահեցնում եմ, որ առաջիկայում այդ աշխատանքները նոր շունչ, նոր թափ ու էլի ավելի առարկայական տեսք կստանան»,-ասաց պատգամավորը:

Պապոյանն այս համատեքստում անդրադարձավ մի քանի օրենսդրական նախաձեռնությունների, որոնք արդեն կամ ընդունվել են կամ ընդունման ընթացքի մեջ են: Նրա խոսքով՝ դրանց նպատակն  է նոր աշխատատեղերի ստեղծումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, Հայաստանում ներդրումների խթանումը, մարդկանց կյանքի որակի բարելավումը, տնտեսության և բիզնեսի առջև ծառացած խնդիրների վերացումը:

Պապոյանը հիշեցրեց օրենսդրական նախաձեռնություններից մեկի մասին, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին գործող օրենքով սահմանված  կադաստրային արժեքից մի քանի  անգամ ավելի ցածր կադաստրային արժեքով օրինականացնել իրենց ինքնակամ շինությունները: Ըստ նախագծի՝ ինքնակամ շինություններն օրինականացնելու համար մինչև այս տարվա վերջ դիմածների համար գործեն նախկին կադաստրային արժեքները:

«Հաջորդ օրենսդրական նախաձեռնությունը վերաբերվում է արագացված ամորտիզացիայի մասին օրենքի նախագծի գործողության ժամկետի երկարաձգմանը՝ մեկ տարով: Դա մեր գործարարներին, ներդրողներին, որոնք պետք  է ներդրում կատարեն առաջիկա մեկ տարվա ընթացքում, հնարավորություն կտա սարքեր ձեռքբերելու, շենքեր կառուցելու դեպքում ծախսագրումները կատարել ոչ թե սահմանված երկար ժամանակահատվածում, այլ իրենց հարմար ցանկացած պահի»,-ասաց Պապոյանը:

Պատգամավորը մատնանշեց մեկ այլ օրենսդրական նախաձեռնություն, որով մի շարք ապրանքների ներմուծման մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է երեք տարի ժամկետով:

Loading...