19:20   19-01-2021
Հրանտ Դինքի հիշատակին՝ Թուզլայի հայկական որբանոցը կվերածի երիտասարդական կենտրոնի
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) անդամ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն պոլսահայ նշանավոր գործիչ, «Ակօս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 14-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել Twitter-ում՝ փոխանցում է Ermenihaber-ը:

Ընդդիմադիր գործիչը ոգեկոչել է Հրանտ Դինքի հիշատակը։

Իմամօղլուն հայտնել է, որ Թուզլայի հայկական որբանոցը, որտեղ անցել է Դինքի մանկությունը, կվերածվի «Քամփ Արմեն» ճամբարի երիտասարդական կենտրոնի։ Նա նշել է, որ այդ որոշումը միաձայն ընդունվել է Ստամբուլի ավագանու նիստում։ 

Իմամօղլուի տեղեկացմամբ՝ այժմ սկսվել են ճամբարի վերականգնման ճարտարապետական նախագծի աշխատանքները։

«Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող լքյալ ու կիսաքանդ մի շինություն է: 8.552 քմ տարածք զբաղեցնող «Քամփ Արմենը» 1961-ին գնել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամը և ծառայել է որպես ամառային ճամբար` հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար: Այնտեղ են մեծացել Հրանտ Դինքը և նրա կինը՝ Ռաքել Դինքը: Հետագայում ճամբարը թուրքական իշխանությունների կողմից ապօրինաբար խլվել է հայ համայնքից:

Գրում է 1lurer.am -ը:

Loading...