12:14   21-01-2021
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կհատկացնի 7.4 մլն դոլար՝ մարզային հիվանդանոցների արդիականացման համար
Թողնել մեկնաբանություն

Կառավարության այսօրվա նիստին քննարկվեց Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը:

Առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ նախագծով նախատեսվում է 7.4 միլիոն դոլարի տրամադրում: Դեռևս 2013-ին ՀՀ-ի և Միջազգային զարգացման կազմակերպության միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում 35 միլիոն դոլարին համարժեք միջոցներ են նախատեսվել Գեղարքունիքի մարզի Մարտունի ԲԿ-ի և Վայոց ձորի մարզային հիվանդանոցի արդիականացման համար:

«2020 թվականի մարտին կնքված համաձայնագրի փոփոխություններով նախատեսվել էր, որ Վայոց ձորի նոր մարզային հիվանդանոցի կառուցման և հագեցման աշխատանքները հանվեն վարկային ծրագրից՝ հաշվի առնելով շինարարական աշխատանքների բարձր արժեքը, ինչպես նաև փոխարժեքային տարբերության հետևանքով առաջացած ֆինանսական կորուստները: Նշված պատճառներով վարկային ծրագրի ֆինանսական միջոցները չէին բավարարի երկու ԲԿ-ների արդիականացման համար, դրա համար էլ նպատակահարմար էր այդ պահին միջոցներն ուղղել Մարտունու ԲԿ-ի արդիականացման աշխատանքներին»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ Վայոց ձորի նոր ԲԿ-ի կառուցումն ու սարքավորւմներով հագեցումը սահմանվել էին 2019-23 թթ. Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրով: Իսկ կորոնավիրուսի համավարակի ընթացքում հնարավորինս արագ արձագանքելու նպատակով հարմար էր տվյալ վարկային միջոցներից 3 միլիոն դոլարի չափով վերաբաշխել և ուղղել Քովիդ-19-ի դեմ պայքարին:

«Արդյունքում՝ առաջացել էր 3 միլիոն դոլարի դեֆիցիտ, և անհրաժեշտություն է առաջացել Մարտունու ԲԿ-ի կառուցումն ամբողջովին ավարտելու համար լրացնել այդ գումարները և, իհարկե, շարունակել Վայոց ձորի ծրագիրը»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ Մարտունու ԲԿ-ի շինարարական աշխատանքները կավարտվեն 2022-ի սկզբին, իսկ Վայոց ձորի հիվանդանոցի կառուցումը կմեկնարկի այս տարի:

Loading...