14:14   21-01-2021
Քաղաքակիրթ աշխարհը պետք է պարտադրի Ադրբեջանին՝ վերադարձնել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց. Մարուքյան
Թողնել մեկնաբանություն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշեց, որ ռազմագերիների թեմայով մինչև հունվարի 11-ը Հայաստանում եղել է լռություն:

«Երբ հայտնի է դարձել, որ վարչապետը գնալու է Մոսկվա՝ եռակողմ հանդիպման, հարցը դարձել է հանրային քննարկման առարկա, որ մոսկովյան հանդիպման օրակարգը պետք է լինի ռազմագերիների վերադարձը, և վարչապետը հաստատել է: Գնացել է, չի ստացվել գերիների վերադարձի հարցը լուծել: Հիմա, կարծում եմ, որ պետք է աղաղակել, ամբողջ միջազգային հանրությանը կոնսոլիդացնել այս հարցի շուրջ, որ ճնշումները մեծանան, անգամ սանկցիաներ կիրառվեն, որ Ադրբեջանը վերադարձնի պատերազմից հետո իր մոտ մնացած ռազմագերիներին:

Այլապես ստացվում է, որ պատերազմից հետո մենք մեր պարտությունն ընդունելով, փաստաթուղթ ստորագրելով, դրա բոլոր կետերն իրացնելով՝ ռազմագերիների մասով 8-րդ կետը չենք կարողանում իրացնել: Սա ոչ մի «ճշտի» մեջ չի տեղավորվում: Որովհետև հումանիտար իրավունքով իրենք սխալ են, պատերազմի կանոններով սխալ են, հրադադարի ստորագրման կանոններով սխալ են, բոլոր կանոններով Ադրբեջանն այստեղ սխալ է: Կարծում եմ՝ պետք է Ռուսաստանի և Հայաստանի ջանքերին միանան ԱՄՆ-ը՝ իր նոր ադմինիստրացիայով, Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր: Դրան գումարած՝ նաև Եվրամիությունը, Չինաստանը և շատ այլ երկրներ: Քաղաքակիրթ աշխարհը պետք է միավորվի այս հարցի շուրջ և պարտադրի, որ Ադրբեջանը վերադարձնի իր մոտ պահվող ռազմագերիներին և քաղաքացիական անձանց»,- նշեց Մարուքյանը:

Loading...