19:09   21-01-2021
ՀՀ-ում միջուկային բժշկության զարգացման համար գործարկված արագացուցիչը կիրառվելու է նաև գիտական նպատակով
Թողնել մեկնաբանություն

Հայաստանում միջուկային բժշկությունը զարգացնելու նպատակով Հայաստանում գործարկված ցիկլատրոնը, որը պրոտոնային արագացուցիչ է, կիրառվելու է նաև գիտական նպատակով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում « Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի գիտության գծով փոխտնօրեն Գևորգ Քառյանը նշեց, որ արագացուցիչը կիրառական լայն նշանակություն ունի:

«Ինչպես գիտեք արագացուցիչը գործարկելուց հնարավորություն տրվեց սկսել ռադիոիզոտոպի արտադրությունը, որը օգտագործվում է ախտորոշման նպատակներով: Առաջին պացիենտներն իրենց դիագնոստիկ հետազոտություններն անցել են դեռ նախորդ տարի և այժմ էլ այդ գործընթացը շարունակվում է: Դրա համար կա բժիշկներից ձևավորված առանձին խումբ:  Հիմա ցիկլատրոնը, բացի բժշկական նշանակությունից,  կիրառելու ենք նաև գիտական նպատակով: Մենք ունենք երկու սրահ: Մի սրահում իմ կողմից նշված այդ բժշկական հարմարանքներն են, երկրորդ սրահում ունենք հնարավորություն պրոտոնային փնջի օգտագործմամբ միջուկային ֆիզիկային վերաբերող գիտափորձեր իրականացնելու»,-ասաց Գևորգ Քառյանը:

 Ցիկլատրոնի շահագործման և գործարկման ամբողջ աշխատանքներն իրականացվել են Ազգային գիտական լաբորատորիա մասնագետների կողմից: Նրանք հիմա սկսել են պրոտոնային փնջի վրա աշխատանքներ իրականացնել: Լաբորատորիան պլանավորում է ուսումնասիրություններից հետո անցնել գիտափորձերի փուլ:

Loading...