12:18   26-01-2021
Արայիկ Հարությունյանն Արցախի ՆԳ նախարարության անձնակազմին է ներկայացրել նախարար Կարեն Սարգսյանին
Թողնել մեկնաբանություն

Արցախի ղեկավար Արայիկ Հարությունյանը հունվարի 26-ին այցելել է նորաստեղծ Արցախի ներքին գործերի նախարարություն և անձնակազմին ներկայացրել նախարար Կարեն Գրիգորի Սարգսյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի ղեկավարի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախարարության կազմում ընդգրկված արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ոստիկանության աշխատակիցներին պատերազմական ծանր ժամանակաշրջանում ունեցած գերազանց ծառայության համար՝ ընդգծելով, որ խաղաղ պայմաններում ևս այդ մարմինները կարևոր գործառույթներ ունեն կատարելու: Ղեկավարի խոսքով՝ գերատեսչության աշխատակիցների ինչպես ծառայողական, այնպես էլ սոցիալական խնդիրները մշտապես գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում, որպեսզի բարենպաստ պայմաններ ապահովվեն նրանց պարտականությունների պատշաճ կատարման համար:

Հանդիպման ընթացքում ղեկավարն անդրադարձել է նաև հետպատերազմական իրավիճակին ու վերականգնողական աշխատանքներին՝ շեշտադրելով, որ Արցախին դժվար ու երկար ճանապարհ է սպասվում երկրի վերականգնման ու զորացման ուղղությամբ, այնպիսի երկրի, որտեղ բոլոր արցախցիներն ապագա կտեսնեն ապրելու և արարելու: Անդրադառնալով երկրի կարգավիճակին` Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ թեև դժվար պայմաններում, սակայն շարունակելու ենք պայքարը Արցախի անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ, իսկ որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է:

Loading...