16:41   26-01-2021
Միկրոձեռնարկատերերը պետք է հաշվետվություն ներկայացնեն մինչև 2021թ. փետրվարի 1-ը. ՊԵԿ
Թողնել մեկնաբանություն

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն այս տարի առաջին անգամ պետք է հաշվետվություն ներկայացնեն հարկային մարմին: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020թ. համար հաշվետությունն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2021թ. փետրվարի 1-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:

«Սահմանված ժամկետը խախտելու դեպքում նախատեսված է վարչական պատասխանատվություն: Պարզ ձևատեսք ունեցող հաշվետվությունը պետք է ներկայացվի բացառապես էլեկտրոնային եղանակով` ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով:

2020թ. հունվարի 1-ից ՀՀ հարկային օրենսգրքով կատարված փոփոխությունների արդյունքում ներդրված հարկման հատուկ համակարգում ընդգրկված են այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և անհատ ձեռնարկատերեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը: Հաշվետվություն ներկայացնելու պահանջը ֆիզիկական անձանց չի վերաբերում, միայն կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին:

Միկրոձեռնարկատերերն ազատված են պետական հարկերից` որոշ բացառություններով: «Օրինակ` չեն ազատվում դրոշմանիշային վճարներից, ներմուծման հարկից, որպես գործատուներ` վարձու աշխատողներից եկամտային հարկ հաշվարկելու պարտավորությունից: Սակայն հարկման մյուս համակարգերի համար սահմանված դրույքաչափի փոխարեն աշխատողների եկամտային հարկն ավելի պակաս չափով են հաշվարկում` անկախ աշխատավարձի մեծությունից 5000 դրամի չափով»,-ներկայացնում է ՊԵԿ հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ Մարիամ Մանուկյանը:

Loading...