17:51   26-01-2021
ԵՊՀ դեկանները հանդիպել են Գեղամ Գեւորգյանին
Թողնել մեկնաբանություն

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի եւ ֆակուլտետների դեկանների ու կրթական կենտրոնների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ուսումնական գործընթացի կազմակերպման ձեւի եւ լսարանների անվանափոխությունների վերաբերյալ հարցեր:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր հրավիրված հանդիպման առաջին մասում տեղի է ունեցել պրոֆեսոր Արմեն Թռչունյանին հետմահու պետական պարգեւով պարգեւատրման արարողությունը, որին ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Պարգեւատրման արարողության ավարտից հետո ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գեւորգյանը հայտնեց, որ հանդիպման օրակարգում ներառված է երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման հարցը:

Նա տեղեկացրեց, որ նախարարությունից երեկ ստացվել է գրություն, ըստ որի՝ երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացն անհրաժեշտ է կազմակերպել առկա ուսուցմամբ: Նշված է նաեւ, որ ըստ անհրաժեշտության՝ համապատասխան դասընթացների համար ուսումնական պլանով նախատեսված դասախոսության ժամերը կարող են կազմակերպվել հեռավար:

Բացի դրանից՝ ասվում է, որ պետք է խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները եւ անհրաժեշտ անվտանգության երաշխիքները: Բարձրաձայնված հարցերին ի պատասխան՝ Վահրամ Դումանյանը նշեց, որ գրությունն ուղարկվել է՝ ելնելով կանոնակարգային նորմերից, բայց համալսարաններն ազատ են՝ հարցը որոշելու բուհական ինքնավարության շրջանակում:

Loading...