20:30   26-01-2021
Արցախի առողջապահական համակարգը բուժհիմնարկների զինման ու արդիականացման կարիք ունի
Թողնել մեկնաբանություն

Արցախի առողջապահական համակարգը ունակ է կազմակերպելու բնակչության բժշկական սպասարկումը, սակայն առկա կադրային ու նյութատեխնիկական հնարավորությունները բավարար չեն պատշաճ որակ և արդյունավետություն, ինչպես նաև ինքնաբավության բավարար չափ ապահովելու համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից, այս մասին նշված է  Հայաստանի Հանրապետությունից Արցախ ժամանած բժիշկ-փորձագետների եռօրյա այցի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ:

«Արցախի առողջապահական համակարգը ունի ֆինանսատնտեսական գործունեության մեթոդների ու եղանակների վերանայման, նյութատեխնիկական հնարավորությունների ճիշտ վերաբաշխման և բուժհիմնարկների զինման ու արդիականացման կարիք, որի հիմքում պետք է դրվեն փորձագիտական հետազոտությունների արդյունքներով ընդունված եզրակացությունները: Արցախի բուժհիմնարկներում առկա է կադրային ռեսուրսի պակաս, որը լրացնելու համար հարկ է կիրառել ինչպես հերթափոխով մասնագետների ներգրավմամբ, այնպես էլ նոր մասնագետների խրախուսմամբ, հեռահար բժշկության ներդրմամբ, առկա կադրերի վերապատրաստմամբ ու որակավորմամբ բացը լրացնելու եղանակները: Արցախի բուժհիմնարկներում առկա նյութատեխնիկական միջոցները վերազինելու և նորագույն սարքավորումներով համալրելու համար անհրաժեշտ է ներգրավել ինչպես Նախարարության, այնպես էլ հասարակական կազմակերպությունների, բարեգործական հիմնադրամների և անհատների հնարավորությունները՝ այդ գործընթացում ապահովելով առավելագույն թափանցիկություն և հանրային հաշվետվողականություն: Հայտարարությանը միացած բժիշկ-փորձագետները հավանություն են տալիս ԱՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդ ձևավորելու գաղափարին՝ վերահաստատելով խորհրդում ընդգրկվելու ցանկությունն ու պատրաստակամությունը:

Loading...