11:13   27-01-2021
Image Description
Պուտինը եւ Բայդենը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտին ու Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել: Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Պուտինը շնորհավորել է Բայդենին նախագահի պաշտոնում աշխատանքի մեկնարկի կապակցությամբ: Նա նշել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորումը կհամապատասխաներ երկու երկրների, եւ, հաշվի առնելով աշխարհում անվտանգության եւ կայունության պահպանման համար նրանց հատուկ պատասխանատվությունը, ամբողջ միջազգային հանրության շահերին:

Նախագահները գոհունակություն են հայտնել Ռազմավարական հարձակողական սպառազինության մասին պայմանագրի երկարաձգման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու եւ այսօր դիվանագիտական նոտաների փոխանակման կապակցությամբ: Առաջիկա օրերին կողմերը կավարտեն բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը` միջուկային հրթիռների զինանոցների փոխադարձ սահմանափակման նպատակով այս կարեւոր միջազգային իրավական մեխանիզմի հետագա գործունեությունն ապահովելու համար:

Քննարկվել են երկկողմ եւ միջազգային օրակարգի արդիական հարցեր: Քննարկվել են կորոնավիրուսի համավարակի, ինչպես նաեւ այլ՝ առեւտրի եւ տնտեսության ոլորտներում պայքարելու համար համագործակցության հնարավորությունները։

Միջազգային թեմաներից շոշափվել են Բաց երկնքի պայմանագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալու, իրանական միջուկային ծրագրի գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահպանման խնդիրը, ուկրաինական ներքին կարգավորումը, ինչպես նաեւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամների գագաթաժողով անցկացնելու ռուսական նախաձեռնությունը:

«Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների ղեկավարների զրույցը կրել է գործնական եւ անկեղծ բնույթ: Շփումները պահպանելու պայմանավորվածություն է ձեռք բերվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Գրում է՝ News.am-ը:

Loading...