12:54   21-05-2016
«Ինձնով սկզբնավորվելու է զինվորականների դինաստիան…». Ջավախքի նորօրյա արծիվները. Արմենակ Ուրֆանյան. «Երկիր Զաբախա»
Թողնել մեկնաբանություն

«… Արմենակս ուղիղ երկու տարով մեծ է բանակից. ծնվել է 1990 թ. հունվարի 28-ին, ճակատագրի բերումով երկու տարի անց երկրորդ որդիս՝ Ֆրանցս, ծնվել է սովետական բանակի օրը՝  փետրվարի 23-ին: Մենք երկու անգամ թողեցինք Ռուսաստանը՝ Լենինգրադն ու Յարոսլավլը, որպեսզի երեխաներս ռուս չդառնան: Իմ դաստիարակության շնորհիվ է, որ Ջավախքի Փոկա գյուղից Մախարաձե տեղափոխված ընտանիքում ծնված և հասակ առած ռուսախոս հոր ու հարազատների, մանկության շրջանում հիմնականում ռուսաստանյան միջավայրում մեծացած Արմենակս ոչ միայն հայ մնաց, այլև նվիրվեց հայոց բանակին, դարձավ օրինակելի ու տաղանդաշատ սպա: Նրա մեջ մանկությունից կերտել եմ Արմենակ Արմենակյանի ու Վազգեն Սարգսյանի հերոսական կերպարները, և վերջերս, երբ իր նշանածի՝ Գոհարիկի, ձեռքը բռնած դուրս եկավ Արմենակյանի կառուցած եկեղեցուց, նպատակ դրեցինք պսակադրությունը ևս կազմակերպել այդ եկեղեցում…
… Արմենակս զինվորական էր՝ բառիս իսկական իմաստով: Նվիրյալ էր, իրեն համարում էր «բանակի տղեն»: Նրա կարգախոսն էր՝ «Տղերք, երբ դիվերսիա լինի, ձեր միակ փրկությունը նռնակի մեջ է»: Նա և՛ սպա էր, և՛ հոգեբան, և՛ առաջին օգնության բժիշկ: Որպես մայր՝ շատ կուզենայի, որ Արմենակիս գեները շարունակվեին: Նա միշտ ասում էր՝ «Ինձնով սկզբնավորվելու է զինվորականների դինաստիան»: 
… Թող ոչ մեկը չփորձի խեղաթյուրել Արմենակիս հերոսաբար զոհվելու հանգամանքները: Իմ տղան հերոս է, և ես ամբողջ ժողովրդի հետ միասին ՀՀ Նախագահից պահանջում եմ Արմենակիս շնորհել Հայաստանի Ազգային հերոսի կոչում, այլապես՝ ես չեմ ընդունի ոչ մի ուրիշ պարգև ու կպայքարեմ մինչև վերջ:
… Ես բոլոր ջավախքցիներին փոխանցում եմ Արմենակիս «դուխը», այն «դուխը», որն անառիկ պահեց մեր սահմանները…»:   
ՀՀ զինված ուժերի կապիտան, 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, 2016 թ. ապրիլի լույս 2-ի գիշերը Մարտակերտի դիրքերում մինչև վերջ անառիկ կանգնած ու իր զինվորներ Ռոբերտ Աբաջյանի, Քյարամ Սլոյանի ու Անդրանիկ Զոհրաբյանի հետ զոհված փառապանծ հերոս Արմենակ Ուրֆանյանի կյանքի հիշարժան էջերը ներկայացնում է հերոսի մայրը՝ Համեստ Ներսիսյանը:  
 

Loading...