11:51   23-02-2021
Ապաշրջափակումը պետք է իրականացվի համապարփակ, ինչպես մատնանշված է եռակողմ հայտարարությունում. ԱԳ նախարար
Թողնել մեկնաբանություն

«44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում տեղի է ունենում թե՛ տարածաշրջանային, թե՛ խոշոր դերակատարների ուժերի և ազդեցությունների վերադասավորում: Գործընթացը դեռևս ամբողջությամբ չի բյուրեղացել, և վաղ է ամբողջական գնահատական տալ հաստատվող իրողություններին և մարտահրավերներին: Այնուհանդերձ, կարելի է արձանագրել, որի տարածաշրջանում հրադադարի պահպանման, անվտանգության ապահովման և հումանիտար արդի հարցերի լուծման տեսանկյունից առանցքային դերակատարում է ստանձնել Ռուսաստանի Դաշնությունը»,- հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Հիշեցնենք՝ հանձնաժողովում քննարկվում է հետպատերազմյան Հայաստանում տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման ներկա մարտահրավերները:

Արա Այվազյանի խոսքով՝ ակնհայտորեն ավելացել են նաև Թուրքիայի հավակնությունները տարածաշրջանում:

Տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգության ապահովումը եղել և մնում է մեր արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունը՝ նշեց Այվազյանը:

«Ղարաբաղյան հակամարտության չլուծվածությունը շարունակում է մնալ տարածաշրջանային առանցքային մարտահրավերներից մեկը: Թուրքիայի աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ուժի կիրառման հետևանքները և Արցախի տարածքների մի մասի զավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում: Միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները և կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը, կարող է համարվել հակամարտության վերջակետը»,- նշեց նախարարը:

Մենք հանձնառու ենք կարգավորման գործընթացի վերսկսմանը, սակայն առաջնահերթ պետք է ձևավորվի խաղաղության նպաստող միջավայր, իսկ դրա նախադրյալները ադրբեջանական կողմից նկատելի չեն, որը վկայում է նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության հումանիտար հատվածի չկատարումը, որը արտահայտվում է գերիների հայրենադարձման ուղղությամբ խոչընդոտների հարուցմամբ:

«Միևնույն ժամանակ մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ. Մինսկի խմբի համանախագահությունը ղարաբաղյան հարցի կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է, և մենք շարունակելու ենք սատարել այդ ձևաչափը: Տարածաշրջանում մենք ակնկալում ենք տեսնել ուժեղ համանախագահություն, որը առաջին հերթին կկարողանա ապահովել իր մանդատի բովանդակությունը, մասնավորապես՝ խաղաղ գործընթացի առաջմղումը»,- նշեց Այվազյանը:

Եվրասիական տարածաշրջանի վրա վստահաբար կազդի մեր տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը, որի մասին խոսվում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում: Հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքների իրականացման համար ստեղծվել է աշխատանքային խումբ՝ երեք պետությունների փոխվարչապետների համատեղ նախագահությամբ:

«Ինչպես մատնաշված է եռակողմ հայտարարությունում, ապաշրջափակումը պետք է իրականացվի համապարփակ կերպով, ինչը հնարավորություն կտա օգտագործել տարածաշրջանի ներուժն առանց աշխարհաքաղաքական նախապատվությունների: ԵԱՏՄ-ին անդամակցությունից ի վեր՝ Հայաստանն ակտիվորեն մասնակցել է տնտեսական ինտեգրման խորացման, պետությունների միջև համագործակցության ապահովման, տնտեսական ներուժի բացահայտման և արդյունավետ իրացման աշխատանքներին: Արդյունքում՝ մինչև 2020-ը, չնայած բոլոր տնտեսական դժվարություններին, ակնհայտ էր միության անդամ պետությունների առևտրաշրջանառության խթանման, միասնական շուկաների ձևավորման, սոցիալ-տնտեսական զարգացման առանձին ցուցանիշների մոտարկման և զարգացման դրական միտումը»,- նշեց արտգործնախարարը՝ մանրամասնելով, որ Քովիդ-19-ի պատճառով կիրառվող սահմանափակումները բացասաբար են ազդել Եվրասիական տնտեսական միության ներքին փոխադարձ առևտրի ծավալների վրա:

2020-ի հունվար-նոյեմբեր ամիսներին ապրանքաշրջանառությունը կրճատվել է 11%-ով՝ կազմելով 44 միլիարդ դոլար:

«Տնտեսական կայուն շուկաների և գործընկերների ձեռքբերումը, եվրասիական հիմնական դերակատարների հետ սերտ համագործակցությունը կնպաստեն Հայաստանի համապարփակ անվտանգության ամրապնդմանը, ինչն իր հերթին իր դրական ազդեցությունը կունենա տարածաշրջանում»,- նշեց նախարար Այվազյանը:

ԱԳ նախարարի ելույթից հետո հանձնաժողովը նիստը շարունակեց դռնփակ:

Loading...