12:11   23-02-2021
Վրաստանում բերման է ենթարկվել Սաակաշվիլիի կուսակցության ղեկավարը
Թողնել մեկնաբանություն

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները բերման են ենթարկել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության ղեկավար Նիկա Մելիային: Նրան բերման ենթարկելու որոշումն անցյալ շաբաթ կայացրել էր Թբիլիսիի դատարանը՝ 2019-ի հունիս ամսին անցկացված հանրահավաքի անկարգությունների գործով 40 հազար լարի (ավելի քան 12 հազար դոլար) տուգանքը չվճարելու համար: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

Մելիան իր համակիրների հետ միասին փակվել էր Թբիլիսիում գտնվող կուսակցության գրասենյակի աշխատասենյակներից մեկում: Իրավապահները ստիպված են եղել պղպեղի գազ օգտագործել՝ նրա համակիրներին ցրելու համար, որից հետո են միայն կարողացել բերման ենթարկել ընդդիմադրին:

Փողոցներում հավաքվել են ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ ու ակտիվիստներ, որոնք բողոքում են ոստիկանների գործողությունների դեմ: Մելիային ձերբակալելու դատարանի որոշումը քաղաքական ճգնաժամ է առաջացրել երկրում: Կառավարությունում գործընկերների հետ տարաձայնությունների պատճառով Վրաստանի վարչապետը հրաժարական էր տվել: Երկրում սկսված բողոքի ակցիաների ժամանակ բերման է ենթարկվել ընդդիմության ավելի քան 20 ներկայացուցիչ:

Loading...