Եթե տեսնենք, որ կա հնարավորություն ձևակերպել համաձայնություն հետպատերազմական քաղաքական իրադրությունը հաղթահարելու շուրջ, մենք, իհարկե, այդտեղ, ինչպես ասում են՝ «երկու ոտքը մի կոշիկի մեջ չենք դնի»: Այդ մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում, որը հեռարձակվում է 1in.am կայքով:
Պատասխանելով հարցին՝ կա՞ ներքաղաքական ճգնաժամ, վարչապետը նշել է, որ ներքաղաքական ճգնաժամ ասելով պետք է հասկանալ դրա պարամետրերը: «Կա կառավարություն, կա խորհրդարանական մեծամասնություն, կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը կայուն են: Իսկ որ, իհարկե, հետպատերազմական շրջանում Հայաստանում շատ հարցեր են ծագել, և այդ հարցերը պետք է ստանան պատասխաններ, դա էլ ակնհայտ է: Եվ, իհարկե, կառավարությունը գիտակցում է իր պարտավորությունն այդ պատասխանները գտնելու հարցում՝ կառուցողական լինելու իմաստով, և մենք, իհարկե, պատրաստ ենք դրան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է վարչապետը: