14:45   24-02-2021
Image Description
Հակակոռուպցիոն, վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու օրինագծի քննարկումը հետաձգվեց
Թողնել մեկնաբանություն

Կառավարությունը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում հետաձգեց հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու նախագծերի փաթեթի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ հանձնաժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի առնչությամբ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հիշեցրեց, որ  այն հակակռուպցիոն դատարանի ստեղծման վերաբերյալ է: «Քանի որ առաջինից երկրորդ ընթերցմանը բավականին ծավալուն աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա, որը մասամբ կատարել ենք, մասամբ էլ ընթացքի մեջ է, հանձնաժողովի հետ նույնպես համագործակցում ենք առանձին հարցեր քննարկելու առումով, առաջարկում եմ հետաձգել նախագծի քննարկումը, ներառել հետագա օրակարգում»,- ասաց նախարարը:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ, ինչի արդյունքում կապահովվի կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննությունը: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացում մասնագիտացվածությունն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան: Հակակոռուպցիոն դատարանը կգործի առնվազն 25 դատավորի թվակազմով: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը կգործի առնվազն 10 դատավորի թվակազմով:

Loading...