19:33   24-02-2021
Վազգեն Մանուկյանն Ազատության հրապարակում հանդիպեց քաղաքացիների հետ
Թողնել մեկնաբանություն

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին իրավապահները չեն հրավիրել հարցաքննության՝ ավելի վաղ արած հայտարարությունների առնչությամբ ոստիկանությունում հարուցված քրեական գործի շրջանակներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մանուկյանը հայտնեց Ազատության հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ՝ նշելով, որ քրեական գործի մասին տեղեկացել է մամուլից:

Մանուկյանը նշեց, որ Ազատության հրապարակը պետք է լինի շարժման ոչ թե ձևական, այլ իրական շտաբ, որտեղ քաղաքացիները կկարողանան աշխատանքից հետո գնալ, զբոսնել, հանդիպել քաղաքական գործիչների հետ ու հարցեր տալ նրանց:

«Սա կդառնա այն հրապարակը, որտեղ մարդիկ որոշումներ կկայացնեն ու կսկսեն իրականացնել: Շարժումներն այն ժամանակ են հասուն դառնում, երբ ոչ միայն ինչ-որ մեկը վերևից հրաման է տալիս՝ ինչ անել, այլ մարդիկ ցանցային, ինքնաբուխ որոշումներ են կայացնում: Կարծում եմ՝ երբ այստեղ զանգվածային հավաքված լինեն, ինչ-որ քանակից հետո կսկսվի այդ շղթայական ռեակցիան»,- ասել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն:

Նա նշել է, որ որպեսզի շարժումը հաջողության հասնի, պետք է իշխանությանը զրկել երեք հենարաններից: Առաջին հենարանը, ըստ Մանուկյանի, մարդկանց այն հատվածն է, որն աջակցում է վարչապետին: Երկրորդը՝ «Իմ քայլը» կուսակցության պատգամավորներն են, իսկ երրորդը՝ ոստիկանությունը:

Վազգեն Մանուկյանը հայտնեց, որ փետրվարի 25-ին գնալու են Հայաստանի մարզեր: «Ավտոշարասյունով ուզում ենք պտտվել ողջ Հայաստանով, որովհետև գյուղերի վիճակը, կարծում եմ, շատ ավելի վատ է, նրանց տեղեկատվությունը շատ ավելի քիչ է: Այս ալիքների մեծ մասը շրջաններ չի հասնում»,- ասաց նա՝ նշելով, որ Երևանում կրկին երթեր ու հանրահավաքներ են սպասվում:

Loading...