17:43   25-02-2021
Image Description
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իմ առաջարկը ուժի մեջ է. վարչապետ
Թողնել մեկնաբանություն

Մենք բոլորս հետպատերազմական սթրեսի մեջ ենք, և ժողովուրդը հոգնել է շարունակական անկայունությունից: Այդ մասին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Երկրում պետք է ժողովրդի իշխանությունը կասկածի տակ չդրվի, երկիրը բռնության, ապօրինության, սադրանքների, քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելու բոլոր փորձերը պետք է կասեցվեն ԱԱԾ-ի, ոստիկանության և ժողովրդի կողմից»,- ընդգծեց Կառավարության ղեկավարը: 

Փաշինյանը շարունակեց. «Ձեզ մոտ հարց կծագի՝ ես պատերազմից հետո չե՞մ մտածել հրաժարականի մասին: Անկեղծ ասեմ՝ մտածել եմ, շատ եմ մտածել, բայց ասել եմ մի բան՝ ես իմ կամքով չեմ դարձել ՀՀ վարչապետ, ժողովուրդն է որոշել, որ պետք է դառնամ ՀՀ վարչապետ, և ժողովուրդը պետք է որոշի իմ հեռացման հարցը: 

Մենք որոշեցինք առաջարկել անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որպեսզի ժողովուրդը կրկին վերահաստատի իր իշխանությունը, բայց 17 ուժերը և խորհրդարանական ուժերը մերժեցին մեր առաջարկը՝ ասելով, որ 17 կուսակցությունները և էլիտայի ներկայացուցիչները պետք է որոշեն՝ ով է լինելու վարչապետ: 

Ուղարկո՞ւմ եք ինձ՝ ուղարկե՛ք, չե՞ք ուղարկում՝ լուծե՛նք այս հարցը: Ով վեր է կենում, հրաժարական է պահանջում, բայց ժողովուրդն է ինձ ընտրել, թող ժողովուրդը իմ հրաժարականը պահանջի, թող ժողովուրդը ինձ դատապարտի, թող ժողովուրդը հրապարակում ինձ գնդակահարի: 

Ասում են՝ վարչապետը փախչում է, վարչապետի ընտանիքը փախչում է, վարչապետը ինքնաթիռը պատրաստել է, որ փախչի: Իմ ընտանիքը այստեղ է, և եթե անգամ ամենադաժան վճիռը կայացնեք իմ նկատմամբ, մենք չենք փախչելու:

Մենք հեղափոխություն ենք արել, ասել ենք, որ պետք է լինի սիրո և համերաշխության հեղափոխություն, բոլորը պետք է շանս ունենան, վենդետա չենք անելու, բայց բոլորը մեզ թիկունքից խփել են՝ պետական պաշտոնյաները խփել են, դատավորները խփել են, և պատերազմից հետո էլ նրանք մեր պարտությունն են երազել, որ նոյեմբերի 9-ին մտնեն Կառավարության շենք և ժողովրդի իշխանությունը վերցնեն: Մենք երազել ենք և ամեն ինչ արել ենք հաղթանակի համար, նրանք ամեն ինչ արել են պարտության համար, դրա համար զինվորների մեջ են մտել և ասել՝ ամեն ինչ ծախված է, փախե՛ք, հենց նրանք էլ եկան և գրոհեցին Կառավարության շենքը»: 

Վարչապետը հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների իր առաջարկը ուժի մեջ է մնում: «Բոլոր ուժերին ասում եմ՝ եկեք իրար հետ որոշենք օրն ու ժամը, եկեք կոնսուլտացիաներ սկսենք այդ թեմայով»,- ասաց նա: 

Փաշինյանը հայտնեց, որ այսօր հեռախոսազրույց է ունեցել հանրապետության նախագահի հետ, ասել է, որ իր ներկայացրած միջնորդությունը պետք է ստորագրվի: Եթե չի ստորագրում, ուրեմն միանում է պետական հեղաշրջմա՞նը:

«Օնիկ Գասպարյանին, որին ԳՇ պետ եմ նշանակել, որին գեներալ-գնդապետի կոչում եմ շնորհել, պատերազմի ժամանակ 100 տոկոս վստահությամբ եմ վերաբերվել, հիմա հասկանում եմ, որ որոշ դրվագներով սխալ եմ արել, որ վստահել եմ: Թող նա դիմում գրի և հեռանա, Օնի՛կ ջան, պետք չի այս ժողովրդին ցնցման ենթարկել, պետք չի: 

Նրանք, որոնք ստորագրել են հայտարարությունը, զբաղվում են Հայաստանի սահմանների և տարածքային ամբողջականության պահպանմամբ: Իսկ Օնիկ Գասպարյանը պետք է հրաժարական տա, այլ տարբերակ չկա, ես որոշում եմ կայացրել: Կա՛մ նախագահն է ստորագրում հրամանը, կա՛մ ինքը դիմում է գրում և հեռանում»,- ընդգծեց վարչապետը: 

Նա հայտարարեց՝ մենք Հայաստանում թշնամի չունենք, բոլորը մեր եղբայրներն ու քույրերն են: «Բոլորը ցանկանում են բախում հրահրել, բախում չի լինելու, ես էն հրապարակում հավաքված ժողովրդի ցավը տանեմ, ձեր ցավն էլ տանեմ, նրանց ցավն էլ տանեմ: 

Իշխանության փոփոխություն պետք է տեղի ունենա միայն ընտրությամբ՝ արտահերթ թե հերթական, իրար հետ կորոշենք»,- եզրափակեց Փաշինյանը: 

Loading...