18:13   26-02-2021
Վահան Քերոբյանն այցելել է ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ
Թողնել մեկնաբանություն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 24-ին այցելել է ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարը ինստիտուտի տնօրենի՝ ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանի և նախարարության աշխատակիցների հետ շրջել է ինստիտուտի տարածքում, ծանոթացել աշխատակիցների հետ, ապա տնօրենի աշխատասենյակում կարճատև զրույց ունեցել հնարավոր համագործակցության վերաբերյալ։

Այնուհետև տեղի է ունեցել քննարկում ինստիտուտի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ, որին մասնակցել է նաև ՀՀ ԳԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս, տնտեսագիտության դոկտոր Յուրի Սուվարյանը։

Վլադիմիր Հարությունյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել նախարարին այցի համար, ապա ներկայացրել ինստիտուտի գործունեությունը և նախատեսվող ծրագրերը։

«Հույս ունեմ, որ այսօրվա հանդիպումը նոր մեկնարկ կլինի գիտական հանրության և տնտեսության պետական կառավարման գերատեսչության միջև համագործակցության համար: Հանրապետության արդի կացությունը ենթադրում է նոր մոտեցումներ հատկապես տնտեսության ոլորտում և հուսով եմ, որ կարդարացնենք Ձեր սպասելիքներն ու ակնկալիքները և համատեղ կհասնենք նպատակների իրականացմանը ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման: Ուզում եմ հատուկ նաև նշել, որ չնայած կառավարության ներկայացուցիչների հետ տարբեր ձևաչափերով բազմաթիվ հանդիպումների, սա առաջին դեպքն է, երբ նախարարն անձամբ է այցելում տնտեսագիտության ինստիտուտ, ինչը միաժամանակ և՛  հաճելի է և՛ պարտավորեցնող», - նշել է նա:  

Անդրադառնալով ինստիտուտի գործունեությանը, Վ․ Հարությունյանը նշել է, որ ինստիտուտի գիտական թեմատիկան բխել է կառավարության գործունեության ծրագրից,  արդյունքները ներկայացվել են կառավարությանը և շահագրգիռ այլ մարմիններին, ինչպես նաև գիտական հանրությանը: Նշվել է նաև, որ տարբեր գերատեսչությունների խնդրանքով իրականացրվել են հետազոտություններ, այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն է ներկայացվել ինստիտուտի փորձագիտական կարծիքը  գործարար միջավայրի բարելավման 2019-2024 թթ. ռազմավարության վերաբերյալ։

Ինստիտուտի տնօրենը նշել է, որ 1955 թվականին հիմնադրված ինստիտուտը դեռևս խորհրդային տարիներից լուրջ ներդրումներ և դերակատարություն է ունեցել երկրի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների հետազոտության, պետական կառավարման նոր սկզբունքներին համահունչ կադրային բանկի ձևավորման գործում․ինստիտուտի գիտաշխատողներ են եղել շատ հայտնի գործիչներ:

Նախարար Քերոբյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, ներկայացրել է հանդիպման նպատակը և ակնկալիքները․ «Այստեղ ենք՝ հասկանալու, մտքեր փոխանակելու, թե ինչպես կարող ենք համագործակցել և  ինչ արդյունքներ կարող ենք ունենալ, ինչպես կարող ենք  համատեղել մեր ջանքերը` երկրի տնտեսությունը արագ վերականգնելու և հզորացնելու, որովհետև, եթե ուզում ենք ապրել այս տարածաշրջանում որպես անկախ պետություն, ապա չենք կարող չունենալ հզոր տնտեսություն, իսկ դա առանց ուժեղ գիտելիքի չի կարող լինել: Գիտելիքահեն տնտեսությունն ուղղակի այլընտրանք չունեցող ճանապարհ է․մենք չենք ուզում առանց գիտության առաջ գնալ, հակառակը՝ պատրաստվում ենք գիտական ամբողջ համայնքի ներուժն օգտագործել, զարգացնել, հզորացնել և միասին առաջ գնալ։  Մենք պետք է ուժեղացնենք մեր գիտական ինստիտուտները,  ուժեղացնելով գիտությունը, մենք ուժեղացնում ենք մեր երկիրը», - ասել է Քերոբյանը։

Loading...