15:22   04-07-2016
«Ես քայլում եմ Վարպետի ճամփաներով…»: Աշուղ Հավասի. «Երկիր Զաբախա»
Թողնել մեկնաբանություն

«Աշուղ Հավասու հետ կապված եմ հոգևոր անքակտելի կապերով: Բոլորովին վերջերս եմ հայտնաբերել, որ մեծ աշուղը համերգային շրջագայությունների ժամանակ եղել է պապիկիս եղբոր հարկի տակ, և ես հիմա ժամ առաջ ուզում եմ մեկնել Ջավախք և այդ նույն պատերի ներքո կատարել նրա երգերը: Ինչպես Վարպետ Հավասու կիսանդրին Ախալքալաքում, այնպես էլ նրա ապրած տունն ինձ համար դարձել են սրբատեղի: Ի դեպ, քչերը գիտեն, որ Ախալքալաքի այդ տանը շուրջ մեկուկես տասնամյակ ապրել է Վարպետը, նստել տնամերձ այգում և ջերմ երեկոներ անցկացրել ընկերների հետ:
Շատ կուզենայի, որ ինձ էլ հնարավորություն տրվեր որևէ հարց տալ Ուստա Արմենակին, իսկ ինքը զարմացներ ինձ թևավոր խոսքի ուժ ստացած սրամիտ պատասխանով: Ափսոսում եմ, որ վարպետից չեմ կարող լսել կյանքին ու երգարվեստին վերաբերող բոլոր այն խորհուրդները, որոնք նա ժամանակին տվել է բազմաթիվ մարդկանց: Ի դեպ, աշուղ Հավասու մասնագիտական խորհուրդները ժամանակին լսել և բարձր է գնահատել մեծն Արամ Խաչատրյանը…»:
Աշուղ Հավասու ապրած կյանքի խորհուրդը, թողած պատկառելի ժառանգությունը, Վարպետին առնչվող բազմաթիվ չխամրող պատմություններ ու հետաքրքրական դիպվածներ, ինչպես նաև աշուղական երգարվեստին առնչվող մի շարք հարցեր ռադիոունկնդրին է ներկայացնում ժողովրդական երգիչ, աշուղական, ժողովրդական և ազգագրական երգերի երիտասարդ կատարող Մասիս Հունանյանը:    

Loading...