16:50   01-03-2021
Քննարկվել են գումարի բռնագանձման մեխանիզմների կիրառման հիմնախնդիրները
Թողնել մեկնաբանություն

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մասնակցել է «Գումարի բռնագանձման մեխանիզմների կիրառման հիմնախնդիրները» թեմայով հանրային քննարկման, որը կազմակերպել էր ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտություններ կենտրոն» հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանրային քննարկմանը մասնակցել են նաև Բարձագույն դատական խորհրդի անդամներ, դատավորներ, Կենտրոնական բանկի, Նոտարական պալատի, Փաստաբանների պալատի, ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, առևտրային բանկերի, ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավաբան-գիտնականներ, փաստաբաններ, Հիմնադրամի ներկայացուցիչներ:

Նախարար Բադասյանը ողջունել է քննարկման մասնակիցներին և նշել, որ Արդարադատության նախարարությունը, հավատարիմ մնալով Դատաիրավական ռազմավարությամբ նախանշված գործողություններին, հերթական բարեփոխումն է իրականացնելու՝ այս անգամ գումարի բռնագանձման մեխանիզմները բարելավելու նպատակով։ «Դատական համակարգի քաղաքացիական գործերով ծանրաբեռնվածության մեծագույն հատվածը՝ 70-80 տոկոս, վերաբերում է գումարի բռնագանձման պահանջով գործերին։ Հենց այդ գործերը դատական համակարգից դուրս հանելու կամ դատական համակարգի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար պետք է քայլեր ձեռարկենք, և որ ամենակարևորն է, սա դիտարկելով որպես ծառայություն, քաղաքացիների և իրավաբանական անձանց համար այն պետք է դարձնենք հասանելի, մատչելի և ոչ ժամանակատար»,- ընդգծել է Ռուստամ Բադասյանը և այդ համատեքստում ներկայացրել էլեկտրոնային արդարադատության ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Արդարադատության նախարարը կրկին շնորհակալություն է հայտնել ներկաներին քննարկմանը մասնակցելու համար և վստահություն հայտնել, որ բարձրացված խնդիրները  իրավակիրառների առաջարկների հիման վրա լուծում կստանան։ 

ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտություններ կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը ևս ողջունել է ներկաներին և նշել, որ  քննարկումն ուղղված է տվյալ ոլորտում կարիքների գնահատմանն ու հավաքագրմանը։ «Բոլորս էլ գիտենք, որ այս ոլորտում ունենք խնդիրներ։ Գիտենք նաև, որ Արդարադատության նախարարությունն ունի քաղաքական կամք այս ոլորտը բարեփոխելու համար։ Հետևաբար, շատ կարևոր է լսել Ձեր կարծիքը՝ որպես շահառուներ, հավաքագրել դրանք և ձևավորել օրակարգ՝ հետագա բարեփոխումնեի համար»,- ասել է Տիգրան Դադունցը և անցել օրակարգով նախատեսված հարցերի քննարկմանը։ Դրանք վերաբերել են նոտարական մակագրության թերթի կիրառման արդյունավետության բարձրացմանը, փոքր հայցագնով պահանջների դատական քննության ընթացքում հանդիպող խնդիրներին, ինչպես նաև փոքր հայցապահանջներով կայացված ակտերի հարկադիր կատարման խնդիրներին։

Loading...